▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիտակետ»-ի խնդրի լուծումը թողնում ենք Ձեր խղճի վրա...

ՀՀ Ոստիկանության Գորիսի վետերանների խորհրդի նախագահ Ռ. Հակոբյանը Գորիսի հոգսերով և ապագայով մտահոգ հազարավոր համաքաղաքացիների, իրավապահ մարմինների վետերանների անունից նամակ է գրել ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանին, Սյունիքի մարզի դատախազ Ա. Աֆլադյանին, որում ,մասնավորապես,  նշվում է.

Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող հատվածը գտնվում է քաղաքի Քրիստափոր փողոցի վերջնամասում: Սյունիքի փողոցի հատման կետից մինչև «Դիտակետ» տանող ճանապարհահատվածը կազմում է 350 մետր, որը տարիներ շարունակ համարվում է քաղաքի ամենավտանգավոր, ամենաանբարեկարգ, առանց լուսավորության, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար վատ անցանելի, աղբանոցի  վերածված  տարածք, և  որ ամենամեծ խայտառակությունը կայանում է նրանում, որ «Դիտակետ»-ը քաղաքապետարանի շենքից (այսինքն կենտրոնից) գտնվում է ընդամենը 300 մետր հեռավորության վրա, և որ քաղաք այցելած բազմաթիվ հյուրեր և զբոսաշրջիկներ լինելով այդ տարածքում, իրենց վերջնական կարծիքն են կազմում (իհարկե բացասական) քաղաքի մասին:

Հետագա պատահարներից խուսափելու համար (նախկինում եղել են նաև մահվան ելքերով դեպքեր) և կատարված մասնագիտական մոտավոր հաշվարկների արդյունքում Քրիստափոր փողոցի «Դիտակետ» տանող շուրջ 350մետր ճանապարհահատվածի աջ մասի անվտանգությունը ապահովելու,արգելապատ կառուցելու,շրջանակով մետաղական ցանցեր տեղադրելու համար անհրաժեշտ է ընդամենը 20-ից 25 միլիոն դրամի ֆինանսական միջոցներ: Գործող քաղաքային իշխանությանը անցած 14 տարիներին երբևէ չի հետաքրքրել և չի հուզել նմանատիպ անհրաժեշտ և հրատապ հարցերի լուծումը:

Ցավալի է, որ տարիների ընթացքում շարունակվող այս ամենաթողությանը վերջ տալու համար համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել թե՛ իշխանության,թե՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից:

Ցավոք, նաև Ձեր լուռ համաձայնության հետևանքով ՀՀ կառավարության և նախագահականի  միջանցքներում արված լացուկոծի արդյունքում այս տարվա հունիսի 8-ին կայացած Գորիսի համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ ընտրապայքարից անցողիկ հիմնական թեկնածուին (Տիգրան Կարապետյան) նախապես դուրս թողնելու փորձված մեթոդի հերթական կիրառմամբ և առավելապես 4 տարին մեկ, մի օր մի փոր կուշտ հաց ուտելու հոգեբանություն ունեցող «ընտրողների» շնորհիվ մյուս նախընտրելի թեկնածուից (Հրայր Յոլյան) «հաղթանակ» կորզելով, Վաչագան Ադունցի դիմանկարով վերարտադրվեց քաղաքային ապագա իշխանությունը, որը պետք է շարունակի նախորդի քաղաքականությունը՝ ասպատակությունների ենթարկելով համայնքի ունեցվածքի «վերջին փշրանքները»:

Նաև Ձեր թողտվության, Ձեր անտարբերության շնորհիվ է, որ սեփականության, պետական ծառայության դեմ ուղղված և այլ բազմաթիվ հանցանքներ գործած և դեռևս չպատժված գործող քաղաքային և մարզային նախկին իշխանության ներկայացուցիչները ՀՀ քրեակատարողական որևէ հիմնարկության համապատասխան մենախցում կանգնելու փոխարեն իրավունք են վերապահել իրենց  կանգնելու ս/թ հունիսի 20-ին Գորիս քաղաքում ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի կազմավորման 18 ամյակին նվիրված միջոցառման հարթակում,հրավիրված հյուրերի՝ ՀՀ Պաշտպանության նախարարի, Սյունիքի մարզպետի և զինվորական բարձրաստիճան սպաների կողքին, առաջացնելով միջոցառմանը այցելած Գորիսի հասարակության զայրույթը, վրդովմունքը և ատելությունը:

Մի՞թե այս երևույթը չի վարքաբեկում մեր պետությանը և մեր բանակին:

Մի՞թե զինվորականները այդքան շուտ մոռացան անցած տարվա հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած ծանրագույն հանցագործության դեպքը,որի ժամանակ գնդակահարվեցին գնդապետ Արտակ Բուդաղյանը և բանակաշինության գործի նվիրյալ Ավետիք Բուդաղյանը:

Հարգարժան պարոնայք պետական այրե՛ր.

Սթափվե՛ք և տե՛ր կանգնեք այս համայնքին, նրա հոգսերին, օգտագործե՛ք Ձեր իրավասության շրջանակները և կանխե՛ք տարիներ շարունակ իրականացվող թալանը և լուծե՛ք մեղավորներին օր առաջ պատասխանատվության ենթարկելու հարցերը:

 «Դիտակետ»-ի խնդրի լուծումը թողնում ենք Ձեր խղճի վրա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին