Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Հրապարակ»-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, ինչպես տեղեկացրել էինք, երեք օր անցկացրել են Դիլիջանում: Շաբաթ օրը ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության փորձագետներն են նրանց հետ թրեյնինգն անցկացրել, թե ինչպես Հայաստանում հասարակությանն ուղղորդել դեպի արևմտյան արժեքները: Իսկ կիրակի օրը Դիլիջան է ժամանել Նիկոլ Փաշինյանը, և մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել վարչապետի հետ: Վերջինս իր հերթին է շարունակել պրոարևմտյան թրեյնինգը` ՔՊ-ական ուսապարկերի հետ: Ամենայն մանրամասնությամբ խոսել է, թե ինչի մասին է պետք հրապարակային խոսել, ինչի մասին` լռել։ Պատահական չէ, որ փակ հանդիպումից անմիջապես հետո իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները հաղորդեցին, թե իբր քննարկման օրակարգում եղել է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հարցը, և որ ՀՀ իշխանությունները «տրամադրված» են մինչև տարեվերջ պայմանագիր կնքել։ Այն պարագայում, երբ օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ «Բաքուն միտված է տապալելու խաղաղության պայմանագիրը», քանի որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը», ինչը Բաքվի համար անընդունելի է։
Մեզ պատմեցին, որ իրականում Նիկոլ Փաշինյանը կուսակցականների հետ հանդիպման ողջ ընթացքում խոսել է պայմանագրի ստորագրման անիրատեսական լինելու մասին։ Իհարկե, հանձնարարվել է, որ բոլորը մեկ մարդու պես հայտարարեն, որ մինչև տարեվերջ, ըստ ամենայնի, պայմանագիրը կստորագրվի, սակայն միևնույն ժամանակ անկեղծացել է, որ առկա տարաձայնությունները՝ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև Արևմուտք-Ռուսաստան տիրույթում, իրեն լավատեսություն չեն ներշնչում, և «խաղաղության պայմանագիր» կոչվածը հնարավոր է առաջիկա տարիների ընթացքում կյանքի չկոչվի։
Եվրոմիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ իր և Ալիևի վերջին հանդիպման մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն ուշագրավ միտք է հայտնել՝ ասելով, որ այդ հանդիպման միակ կառուցողական դրվագը կամ «ձեռքբերումն» այն է, որ պայմանավորվել են հաջորդ հանդիպման հարցում: Ասել կուզի՝ բանակցությունները չեն տապալվել, բայց որևէ առաջընթաց, որևէ առարկայական նոր պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Փաշինյանն ասել է, որ պաշտոնական Բաքվի համար սկզբունքային է, որ մենք հրաժարվենք Արցախից, Բրյուսելում ևս Ալիևը շարունակել է պնդել, որ Արցախի հարցը լուծված է, կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ արցախահայությունը պետք է Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության` համայնքի կարգավիճակով շարունակի իր գոյությունը։ Մյուս կողմից՝ Հայաստանը, ըստ Փաշինյանի, պետք է պաշտպանի արցախահայության ինքնորոշման իրավունքը, ասվել է, որ, իհարկե, այս պայմաններում անկախության մասին խոսելն անիրատեսական է, սակայն միջազգային չափորոշիչներին համապատասխան ինչ-որ կարգավիճակ պետք է սահմանվի, դիցուք՝ Արցախը հանդես գա որպես ինքնավար միավորում՝ իր բոլոր ստրուկտուրաներն ունենա և այլն:
Սակայն հավելել է նաև, որ Արցախի հետ կապված ցանկացած տարբերակ Ալիևի համար կատեգորիկ մերժելի է։ Պատգամավորները հետաքրքրվել են՝ եթե «ստատուս քվոն» պահպանվի, և կողմերը ձգեն այս անորոշ իրավիճակը, չստորագրեն պայմանագիրը, ի՞նչ երաշխիք, որ ադրբեջանական նոր սադրանքներ, «Փառուխի նոր օպերացիաներ» չեն լինի։ Պատասխանը եղել է այն, որ երաշխիք չկա։ Վարչապետին առաջարկել են` այդ պարագայում ճիշտը ստորագրելն է կամ էլ ՌԴ-ին շանտաժ անելը, որ կա՛մ պահում ես Արցախի անվտանգությունը, սանձում ադրբեջանցիներին, կա՛մ էլ Հայաստանը հայտարարում է արցախահայությանը Հայաստան տեղափոխելու, նրանց կեցության պայմանները հոգալու և խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Որքան էլ զարմանալի է, բայց Փաշինյանը բազմանշանակ լռել է այս առաջարկներին ի պատասխան։
Բացի այդ, ընդգծել են, որ պատասխանատվության սլաքները պետք է ուղղել Արցախի իշխանությունների կողմը, ցույց տալ, որ նրանք են կպած Ռուսաստանին, հետևաբար՝ սադրանքների ողջ պատասխանատվությունը պետք է իրենք կրե»:
Մանրամասները՝ թերթի համարում: