«Դ!ԵՄ ԵՄ»-ի թիմը հաղորդագրություն է տարածել, որտեղ իր շնորհակալությունն է հայտնում այն աշխատանքային կոլեկտիվներին, որոնց կազմակերպված դրամահավաքի արդյունքում հնարավոր է եղել կազմակերպել հանրահավաքը և վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերի՝ ձայնային տեխնիկայի, էլեկտրաէներգիայի և այլնի համար:
Հաղորդագրությունը` ստորև
Սիրելի հայրենակիցներ,
Մարտի 22-ին Երևանի Ազատության հրապարակում մենք համախմբվեցինք ընդդեմ մի «օրենքի», որի կիրառումը, մեր բոլորի խորին համոզմամբ, կործանարար հետևանքներ կունենա մեր սիրելի հայրենիքի տնտեսության համար:
Բեմահարթակին կանգնած՝ «Դ!ԵՄ ԵՄ» թիմը ապավինում էր միայն ձեզ, մեր ժողովրդի կամքին և միասնականությանը, ինչի պայծառ դրսևորմանն էլ մենք բոլորս ականատես դարձանք, քանզի «Դ!ԵՄ ԵՄ»-ը մենք ենք … դուք եք … բոլորս ենք …
Հանրահավաքի կազմակերպումը դյուրին չէր, և սույնով «Դ!ԵՄ ԵՄ» թիմը իր շնորհակալական խոսքն է հղում այն աշխատանքային կոլեկտիվներին և վերջիններիս անդամներին, ում կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում հնարավոր եղավ կազմակերպել այս հանրահավաքը և վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերի՝ ձայնային տեխնիկայի, էլեկտրաէներգիայի և այլնի համար:
Այս ամենը հնարավոր դարձավ այս պայքարի նվիրյալների ինքնակազմակերպման վառ օրինակի շնորհիվ, որը դրսևորվեց նաև սեփական նախաձեռնությամբ գալիք հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքների կազմակերպմամբ:
Մեր պայքարն արդար է, իսկ մենք՝ միասնական, և ետդարձի ճանապարհ չունենք:
Առաջ՝ դեպի գալիք հաղթանակ:
Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ