«Նոյեմբերի 7-ին Նոյեմբերյանից Իջևան ուղևորվելիս՝ կեսօրին սահմանամերձ Կիրանց գյուղի խաչմերուկի մոտ «Ժողովուրդի» թղթակիցը նկատեց ճանապարհի եզրին կայանած «ԿԱՄԱՋ» մակնիշի մեքենա, որի բեռնատար մասի և կցորդի 3 հարկերի ցանցավանդակներում ոչխարներ էին։ Ժամը 15.30– ի սահմաններում Իջևանից վերադառնալիս նույն տեղում տեսանք ոչխարներով բեռնատարին։ Պարզեցինք, որ ռուսական համարանիշներով բեռնատարի ղեկին ազգությամբ դարգին է, նա Դաղստանից հարյուրավոր ոչխարներ է ներկրում Հայաստան։ Վարորդը հայտնեց, որ նոյեմբերի լույս 7-ի գիշերը բեռնատարի շարժիչը խափանվել է, այլ բեռնատար պետք է գա Կիրանց, որ ոչխարներին տեղափոխի։ Վարորդի հետ մեր զրույցը հարուցեց բեռնատարից ոչ հեռու կանգնած, մոտ 60 տարեկան տղամարդու զայրույթը, նա կտրուկ ձևով պահանջեց՝ մեր գործին գնալ, հեռանալ։ Թե ով Էր իրականում Դաղստանից Հայաստան ոչխարներ ներկրողը և ինչո՞ւ Էր նշված տղամարդն այդքան նյարդայնանում, պարզել չհաջողվեց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։