ermenihaber-ը գրում է.Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է կուսակցության նահանգային կառույցների ղեկավարներին ու հրահանգել է պատրաստ լինել վաղաժամ ընտրություններին:
Թուրքական «Anadolu ajansı» պետական լրատվական գործակալության հաղորդամբ` Դավութօղլուն անձամբ է զանգահարել բոլոր 82 նահանգային կառույցների ղեկավարներին, շնորհավորել նրանց Ռամազանի առիթով և կարգադրել պատրաստ լինել վաղաժամ ընտրություններին:
Աղբյուրը նշում է, որ Դավութօղլուն հանձնարարությունը տվել է խորհրդարանական մյուս կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար բանակցությունների առաջին փուլի անարդյունք վերջանալու ֆոնին:«Մենք կոալիցիոն կառավարություն կազմելու համար բանակցություններ ենք վարում և դրանք շարունակելու ենք մինչև վերջ: Սակայն դուք ամեն վայրկյան պատրաստ եղեք նոր ընտրություններ անցկացնելու»,- ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանում հայտնված 4 կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել (550 պատգամավորից բաղկացած խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 275+1 ձայն)՝ միայնակ կառավարություն կազմելու համար: 40.98 տոկոս ձայն ստացած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այժմ խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար բանակցություններ է վարում: