Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կարծիքով այդ երկիրը տարածաշրջանի առանցքային պետությունն է: Այդ մասին նա հայտարարել է Թուրքիայում ներդրում կատարող օտարերկրյա կապիտալով ընկերությունների ներկայացուցիչների հետ Դոլմաբահչե պալատում կայացած հանդիպման ժամանակ: «HaberTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ վարչապետը ներկաներին հայտնել է, որ տարվա առաջին եռամսյակի համար թուրքական կառավարության տված խոստումների 60 տոկոսն արդեն կատարված է:
Ներդրումների համար խիստ կարևոր քաղաքական և տնտեսական կայունությունը կարևորող Դավութօղլուն շեշտել է, թե վերջին 13 տարում Թուրքիան կարողացել է պահպանել այդ կայունությունը՝ չնայած եղել են ներքին քաղաքական խնդիրներ, տնտեսական դժվարություններ: Դավութօղլուն նաև նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մինչև օրս Թուրքիան կարողացել է 7 մլն մարդու համար զբաղվածություն ապահովել:
Ըստ նրա ցուցանիշով ոչ մի երկիր Եվրոպայում չկա: «Մենք այս տարածաշրջանի և աֆրո-ասիական գոտու առանցքային պետությունն ենք: Նախկին մետաքսի ճանապարհի փոխարեն այսօր էներգետիկ ճանապարհներն են, մեր երկիրը կարևորագույն էներգետիկ հանգույց է դարձել, ինչը նրան էլ ավելի է ուժեղացնելու քաղաքականապես ու տնտեսապես»,- ասել է Դավութօղլուն՝ շնորհակալություն հայտնելով օտար ներդրողներին Թուրքիայի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: Կառավարության ղեկավարը նաև հավաստիացրել է, որ թուրքական իշխանություններն ամեն հնարավորը կանեն ներդրումային առավել բարենպաստ միջավայր ձևավորելու համար:
Աղբյուր` Ermenihaber