168.am-ը գրում է.
Եթե Սամվել Բաբայանը չի ցանկանում այդ սադրանքին մասնակցել, պետք է հայտարարի այդ մասին: Այս մասին կայքի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գործունեությանն Արցախում ու հնչեցվող պահանջներին, թե Բաբայանը պետք է վերադառնա իր նախկին պաշտոնին:
Դավիթ Բաբայանն ասաց. «Իրավական պետություններում ո՞վ է նշանակում Պաշտպանության նախարարին և ի՞նչ հանգամանքներում: Կա՞ մի երկիր, որտեղ Պաշտպանության նախարարը նշանակվում է ինչ-որ մի խմբի փողոց դուրս գալու և նման քաղաքական շահարկումների հետևանքով: Որտե՞ղ է նման բան տեղի ունենում:
Բոլշևիկյան հեղափոխություն չէ, որ յուրաքանչյուրն ընտրի գնդի հրամանատարի, առավել ևս՝ փորձի ճնշում գործադրել պետության վրա 10-20-30 հոգով և ասել, թե պետք է նշանակվի այս կամ այն մարդը Պաշտպանության նախարար: Դա օրենքին հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում, իհարկե հակասում է, եթե հակասում է, ուրեմն անօրինական է, եթե անօրինական է, հետևաբար՝ սադրանք է»:
ԼՂՀ նախագահի խոսնակի դիտարկումների համաձայն, Արցախի Հանրապետությունն իրավական, ժողովրդավարական պետություն է, ադ մասին գիտի միջազգային հանրությունը ևս, ուստի չի կարելի պետության նկատմամբ նման վերաբերմունք դրսևորել: Դավիթ Բաբայանի խոսքով, այսպիսի սադրանքներ սկսվել են դեռևս ապրիլի 3-ին, երբ պատերազմն իր ամենաթեժ փուլում էր, որոշ մարդիկ փորձում էին ձուկ որսալ պղտոր ջրերի մեջ:
«Ինչո՞ւ: Այդ նույն մարդը, երբ Պաշտպանության նախարար էր, այսպիսի շարժմանն ինչպիսի՞ արձագանք կտար: Մենք չենք գնալու՝ տեսնենք, թե ով ում գործակալն է, իրավական հարթության մեջ ենք դիտարկելու այս հարցը: Ի՞նչ է նշանակում՝ 20-30 հոգի հավաքվեն և պահանջեն, որ այս կամ այն մարդուն նշանակեն նախարար կամ ուժային բլոկի ղեկավար, նախարարների նշանակման կարգ կա, խարխլվում է պետական կարգը, ինչն անօրինական է, այն էլ՝ Արցախում, այն էլ՝ այս ժամանակահատվածում»,- ասաց Բաբայանը:
Վերջինիս խոսքով, եթե Սամվել Բաբայանը չի ցանկանում այդ սադրանքին մասնակցել, պետք է հայտարարի այդ մասին, որպեսզի դադարեցվեն նման սադրանքները, որ դա ճիշտ չէ, դա օրենքին հակասում է: «Ընտրությո՞ւն են անում, ընտրության քաղաքակիրթ ձևեր կան, մասնակցել ընտրություններին, ձևավորել կառավարություն, Ազգային ժողով, սա բոլշևիզմ է»,- նկատեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում