«Օրերս «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող և միևնույն ժամանակ բուժում ստացող մի խումբ դատապարտյալներից դժգոհություններով լի նամակ ենք ստացել։ Դատապարտյալները դժգոհում են ՔՀԿ-ում տիրող վիճակից և այն բանից, որ իրենցից բուժման դիմաց գումար են պահանջում։ «Այստեղ մարդկանց փողով են բուժում։ Հիվանդանոցում մնալու համար ամիսը 30 հազար դրամ փող են տալիս։ Իսկ եթե փողը չտան՝ դուրս կգրեն։ Հիվանդանոցը լրիվ սուպերմարկետ են սարքել»,–ասված է դատապարտյալների նամակում։ «Հարուստներ էլ կան, որ մի 3-4 տարի է՝ մնում են հիվանդանոցում և ամիսը 2 հազար դոլար փող են տալիս դրա համար»,–գրված է նամակում։
Հիշեցնենք, որ դեռ անցած տարի Հրայր Թովմասյանը հրաման էր արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակել։ Այդ ընթացքում ժամանակավորապես դադարեցվեցին նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները, և ՔԿՀ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց պետի տեղակալը՝ Արտուշ Չոբանյանը։ Մամուլում նաև գրվեց, որ Արամ Խաչատրյանն ինչ-որ գործի շրջանակներում հարցաքննվել էր ԱԱԾ– ում։ Չոբանյանի հետ երեկ խոսել չհաջողվեց։ ՔԿՎ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը, բնականաբար, բացառեց նամակում բարձրացված հարցերը։ «Դա բացառվում է։ Այդպիսի բան չի կարող լինել։ Առայժմ այդպիսի դեպք չի եղել, որ դատապարտյալի բուժման դիմաց գումար պահանջեն»,–ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե գուցե իրենք տեղյակ չեն, հակադարձեց. «Բացառվում է։ Առայժմ այդպիսի դեպք չի եղել»։ Դլեչյանը բացառեց նաև գումարի դիմաց հիվանդանոցում մնալու տարբերակը։ «Չկա այնպիսի մարդ, ով հիվանդություն չունենա և մնա հիվանդանոցում։ Բացառվում է»,– ասաց նա՝ դատապարտյալների կողմից նման դժգոհությունները բացատրելով նրանով, որ նրանք ինչ-ինչ խնդիրներ են լուծում»,– գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում: