«Հայկական կողմը Մինսկի խմբին ու միջազգային հանրությանը հասկացնում է, որ եթե Ադրբեջանը կանգ չի առնի, ապա մենք չենք պատրաստվում նստել ու սպասել մինչև կհոշոտեն Արցախը: Եթե չեք ուզում, որ Բաքվում բազմաթիվ զոհեր լինեն ու Կասպից ծովը արյան ծով դառնա, ուրեմն հիմա դադարեցրե՛ք մանկլավիկ Ադրբեջանի գործողությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքով՝ իրադարձությունների երկու սցենար գոյություն ունի.
«Առայժմ ռազմական գործողությունները ծավալվում են ղարաբաղյան ճակատում: Ադրբեջանը դա փորձում է ներկայացնել որպես հակաահաբեկչական գործողություն՝ սեփական երկրի տարածքում և դրա համար ակտիվ գործողություններ չի ձեռնարկում Նախիջևանի ու Տավուշի ուղղությամբ: Իրենք ակնկալում են, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի ՀՀ-ի վրա ու անձնատուր կլինենք: Եվ, եթե հիմա բոլոր կողմերին ուղղված զսպվածության կոչեր հնչեն, Ադրբեջանը ոգևորվելով իր անպատժելիությունից, կարող է ավելի առաջ անցնել: Այս խնդրի լուծման համար մի քանի ժամ կամ օր է պետք: Եթե կարողանանք զսպել, ապա լավ կլինի, իսկ եթե ոչ՝ պատերազմը ահավոր կլինի: Պետք է Ալիևի ու վարչակազմի վրա զսպաշապիկ հագցնեն Մինսկի խումբը, Ռուսաստանը, Իրանը:
Մինսկի խումբը օպերատիվ պետք է արձագանքի ու նշի մեղավորին, և հզոր երկրները ճնշում պետք է գործադրեն Ադրբեջանի վրա, պետք չէ անիմաստ կոչը՝ հակամարտող կողմերին ուղղված: Այս կոչը եթե էլի անեն, մեկ ամիսը չլրացած՝ տարածաշրջանում 1 միլիոն փախստական կլինի ու կես միլիոն՝ սպանված մարդ»,-նկատեց ադրբեջանագետը:
Գրիգորի Այվազյանը կարծում է, որ ԱԺ-ն պետք է արտահերթ նիստ հրավիրի և ճանաչի ԼՂՀ անկախությունը.
«Միասին պայքարենք, մինչև հաղթենք ֆաշիստական Ադրբեջանին: Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ եթե Ադրբեջանը ղարբաղյան ճակատում դիմի ռազմական գործողությունների, ապա ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ն: Ուստի պետք է կատարել այս քայլը, քանի որ պատերազմը վերսկսվել է ու դա միայն կույրը կարող է չտեսնել»:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Հայկական Զինուժը ոչնչացրել է 3 տանկ, 3 զրահամեքենա, 2 ուղղաթիռ եւ 2 անօդաչու սարք:
Անի Կարապետյան