▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դադարը պետք էր, սակայն ընթացքում սկսեցի չհամակերպվել դրա հետ. Նիկոլայ Եղիազարյան

Դիտեք նաև՝

Էկրանային երկարատև դադարից հետո դերասան Նիկոլայ Եզիազարյանը շուտով հանդիսատեսին կներկայանա նոր` «Սպանել 15 րոպեում» գեղարվեստական ֆիլմում, որտեղ մարմնավորում է գլխավոր դերակատարներից մեկին: Asekose.am-ն այս առիթով կապ հաստատեց դերասանի հետ՝ ճշտելու ֆիլմում հանդես գալու իր առաջարկի, մարմնավորած կերպարի, հնարավոր քննադատությունների և իր առաջիկա ծրագրերի մանրամասների մասին:

Asekose.am-ի հետ զրույցում Նիկոլայը պատմեց, որ առաջարկը եղել է ֆիլմի պրոդյուսերի` Էդուարդ Փոռեյանի կողմից, ով նաև տվյալ ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին:

«Մենք մտերիմ ընկերներ ենք և պետք է նշեմ, որ ֆիլմի նկարահանման ընթացքում մեր մտերմությունն էլ ավելի ամրապնդվեց: Ինձ համար հաճելի էր աշխատել նաև ֆիլմի ռեժիսորի՝ Նաիր Հակոբյանի և մյուս խաղընկերներիս հետ»,- իր տպավորություններով կիսվեց Նիկոլայը:

Ըստ նրա խոսքերի՝ «Սպանել 15 րոպեում» ֆիլմում նա ներկայանալու է բացասական կերպարով, ով էապես կտարբերվի իր՝ մինչ այս մարմնավորած բոլոր հերոսներից.

«Մարմնավորում եմ բացասական կերպարներից մեկին՝ Բաբկենին, որը գլխավոր դերակատարներից մեկն է: Նշեմ, որ նման չար կերպարների հազվադեպ կարելի է հանդիպել: Բաբկենը մի տղա է, ով գումարի որևէ խնդիր երբևէ չի ունեցել և չունի, ով գումարի համար կարող է նույնիսկ սառնասրտորեն մարդ սպանել,  իսկ դրանից հետո էլ՝ ժպտալ: Չցանկանալով մանրամասնել՝ կասեմ միայն, որ ֆիլմի ընթացքում կերպարս բախում է ունենում գլխավոր հերոսի հետ»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկոլայը:

Ըստ դերասանի՝ ինքը փորձել է ամեն կերպ նոր գույն և շունչ հաղորդել իր նոր կերպարին՝ Բաբկենին՝ փորձելով բոլորովին այլ տեսանկյունից մոտենալ նրան, այսինքն՝ ինչպես ինքն է նշում, ամեն կերպ փորձել է տարբեր լինել տվյալ ֆիլմում:

Անդրադառնալով նկարահանման ընթացքում հանդիպած դժվարություններին՝ Նիկոլայը նկատեց.

«Իհարկե, դժվարություններ եղել են, բայց այդ ամենը ֆիլմի նկարահանող խմբի անդամները և մենք՝ դերասաններս, հաղթահարելենք՝փորձելով լինել միմյանց թիկունքում»,- պատմեց Նիկոլայը և ավելացրեց, որ այս պահին չի կարող մտաբերել որևէ կոնկրետ դեպք, բայց նրա խոսքով՝ դժվարություններ եղել են մարտական տեսարաններ նկարահանելիս, բարձրահարկ շենքերում նկարահանումներ կատարելիս և նույնիսկ եղանակային վատ պայմանների հետևանքով:

Խոսելով ֆիլմի պրեմիերայից հետո առաջ եկած հնարավոր քննադատությունների մասին՝ Նիկոլայը խորհուրդ տվեց մարդկանց քննադատելու դեպքում ավելի առողջ լինել, որովհետև այսօր, ըստ նրա՝ յուրաքանչյուր ասպարեզում չափից շատ են քննադատությունները:

«Այսօր կան մարդիկ, ովքեր ինչ-որ մի բան են գրում դիմացինին պարզապես վիրավորելու և ցավ պատճառելու համար: Դա շատ տհաճ երևույթ է: Իհարկե, քննադատությունը շատ լավ, բայց միայն այն դեպքում, երբ դա արվում է առողջ, քանի որ դրանով ինչ-որ մեկը մյուսին կարող է նաև որևէ օգուտ տալ: Սակայն լինում են դեպքեր, երբ վիրավորում են կոնկրետ մարդու անձը, նրա սրբությունները: Դա շատ զզվելի է, որովհետև միմյանց նկատմամբ մարդիկ երբեմն շատ չար են լինում: Հուսամ՝ մեր ֆիլմը կընդունվի հանդիսատեսի կողմից, քանի որ այսօր ամեն բան դառնում է քննարկման և քննադատության առարկա: Ընդամենը պետք է, որ մեկս մյուսի հանդեպ ավելի դրական տրամադրվենք»,- մեկնաբանեց Նիկոլայ Եղիազարյանը:

Իսկ թե արդյո՞ք այս գեղարվեստական ֆիլմում հանդես գալուց բացի, հեռուստադիտողը Նիկոլային կտեսնի որևէ այլ նախագծում ևս, դերասանը պատմեց,  որ «Սպանել 15 րոպեում» գեղարվեստական ֆիլմը դեռևս այս ժամանակահատվածի իր վերջին աշխատանքն է և, միաժամանակ, հույս հայտնեց, որ առաջիկայում կստանա նոր ֆիլմերում և հեռուստասերիալներում հանդես գալու հրավերներ, որոնցում մեծ սիրով կհամաձայնվի մասնակցել.

«Նկարահանվել սկսել եմ 2008թ-ից և այդ ժամանակահատվածից սկսած՝ անընդհատ եղել եմ եթերում: Անձամբ ինձ այս դադարը պետք էր, սակայն ժամանակի ընթացքում սկսեցի արդեն ինքս չհամակերպվել դրա հետ: Այս ընթացքում եղել են ֆիլմեր, որոնցում հանդես եմ եկել, բայց դեռևս որևէ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ չկա: Հուսամ կլինի, և ես էլ մեծ սիրով կհամաձայնվեմ նկարահանվել»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասան Նիկոլայ Եղիազարյանը:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին