▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա միայն մեր տղաների մեղքը չէր, այլ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների. Սարգիս Հովսեփյան

Ֆրանսիա-Հայաստան հանդիպման ավարտից հետո «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը:

 

Պարոն Հովսեփյան, մեկնարկային կազմի ընտրությունից և խաղի ընթացքից պարզ դարձավ, որ փորձարկումներ էիք անում այս խաղում: Ի՞նչ էիք ցանկանում տեսնել և ինչ տեսաք:

 

- Այսպիսի հավաքականի դեմ խաղում փորձում էինք եզրերով արագություն տալ, հակագրոհել: Մասամբ ստացվեց, պահեր կային, բայց վարպետությունը չհերիքեց: Իմ կարծիքով ինչ-որ չափով առաջին խաղակեսը ստացվեց, ինչ որ ուզում էի տեսնել, ես տեսա: Իհարկե, ամբողջովին չստացվեց, որովհետև այդպիսի ուժեղ հավաքականի հետ խաղում կային թերություններ: Եվ դա միայն մեր տղաների մեղքը չէր, այլ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների որակը չափազանց բարձր էր, և մեր տղաները ուղղակի չէին հասցնում նրանց հետևից: Դա բնական է, որովետև Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները սովոր են բարձր մակարդակի հանդիպումներին, իսկ մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք առաջին անգամ են մասնակցում նման հանդիպումների, իրենց համար մի փոքր անսովոր է այսպիսի բարձր որակը և արագությունները: Այս խաղում դաշտ դուրս եկան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց փորձարկում ենք ապագայի համար:

Պարտության պատճառը ակնհայտ է: Թիմերի խաղամակարդակի տարբերությունը շատ մեծ էր, ես շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին և ցանկանում հաջողություն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում:

 

Մեր մի քանի առաջատարներ պահեստայինների նստարանին էին, մյուսները փոխարինվեցին հանդիպման ընթացքում: Դա պայմանավորվա՞ծ էր Ալբանիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպումով: Մովսիսյանն ու Արզումանյանը պատրաստ կլինե՞ն այդ խաղին:

 

Մենք ունենք ֆուտբոլիստներ՝ Մովսիսյանը, Արզումանյանը, որոնք բաց թողեցին այս հանդիպումը: Հարոյանը վատառողջ է և ներկա չէր մարզադաշտում: Եթե Յուրան և Ռոբերտը այսօր խաղային, ապա Ալբանիայի հետ հանդիպմանը չէին կարող մասնակցել: Դրա համար որոշեցինք իրենց հանգիստ տալ, որպեսզի պատրաստվեն Ալբանիայի հետ հանդիպմանը: Այդ խաղը շատ կարևոր է, կայանալու է մեր մարզադաշտում և անպայման ուզում ենք հաղթել: Այդ հանգամանքից ելնելով՝ եղան նաև փոփոխություններ այս հանդիպման ընթացքում, քանի որ հասկանում ենք, որ շատ կարևոր խաղ է սպասվում: Բոլորս լավ հասկանում էինք, որ ընկերական հանդիպում էր ու հնարավորություն տվեցինք խաղալ երիտասարդներին:

 

- Գո՞հ եք խաղից:

 

-Արդյունքից բնականաբար գոհ չեմ, պարտվել ենք 0:4 հաշվով: Եթե Ալբանիայի դեմ խաղանք այնպես, ինչպես որ խաղացինք առաջին խաղակեսում, կարծում եմ` արդյունք կունենանք, որովհետև թեև Ալբանիայի հավաքականի կազմում լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, բայց Ֆրանսիայի հավաքականի խաղամակարդակը ավելի բարձր է: Երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտան ֆուտբոլիստներ, որոնք չկարողացան դրսևորել իրենց այս խաղում: Հուսով եմ, որ այն տղաները, որոնք այսօր մեկնարկային կազմում էին, ավելի լավ կխաղան Ալբանիայի դեմ:

 

- Ի՞նչ կարծիք ունեք Գաել Անդոնյանի խաղի մասին

 

- Գաելը նորմալ խաղաց: Ինչպես տեսաք եզրային պաշտպանը վնասվածք ստացավ և թողեց խաղադաշտը: Իր դիրքը զբաղեցրեց կենտրոնական պաշտպանը, որը լիովին չկարողացավ կատարել իր պարտականությունները: Այդ պատճառով Գաելը կարող էր սխալվել, քանի որ համակործակցությունը կենտրոնական կիսապաշտպանի հետ խախտվեց: Ես Գաելի խաղից գոհ եմ և հուսով եմ, որ Ալբանիայի դեմ ավելի լավ կխաղա:

 

Ֆրանսիայի հավաքականի կազմում կա՞ր ֆուտբոլիստ, ով ավելի շատ խնդիրներ առաջացրեց, քան մյուսները:

 

- Բոլոր ֆուտբոլիստներն էլ շատ խնդիրներ առաջացրեցին մեր ազգային հավաքականի համար: Ֆրանսիայի հավաքականն անընդհատ գրոհում էր և ցանկացած ֆուտբոլիստ կարող էր վտանգավոր պահ ստեղծել, ինչն էլ եղավ:

 

ՀՖՖ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին