▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չխանգարել բանակցություններին

 

Դրական պետք է ընկալել երկկողմանիորեն` իրավապահ մարմինների եւ զինյալ գործողությունը իրականացնողների դրությունը: Երեւույթը չպետք է վերագրել անպայման կապի խզմանը, նոր դավադրությունների մշակմանը կամ գործողությանը վերջ տալու նպատակով նախապատրաստվող հարձակմանը: Ոչ էլ` հյուծել - հանկարծակիորեն գրոհելու տարբերակին: Երբ կողմերը համեմատաբար լուռ են, նշանակում է, որ բանակցություններ կան, իսկ այդ բանակցությունների փակագծերը չեն բացվում, որովհետեւ մարդկանց ճակատագիրը խնդրո առարկա է, որովհետեւ կա հայտնապես արյունահեղությունը բացառելու գիտակցում:

Հետեւաբար, պահանջներ-ընդառաջումներ կամ չընդառաջումներ, զինյալների կամ ոստիկանների տեղաշարժերը իբր թե նկատողները, տարածք գրավողներին «մինչեւ վերջ գնացե՛ք» ասողները կամ պետական ծառայողների հասցեին ամեն տեսակ հայհոյանք թափողները երեւութապես չեն ազդում երկու կողմերի ձեռնարկելիք քայլերի վրա, որովհետեւ երկու կողմերն էլ – ուզում ենք հավատալ նախադրյալներից եւ երեւույթներից ելնելով - բանակցելով եւ ցարդ կատարված հայտարարությունների մեջ դրական ելքերի, պատուհանների շրջագծեր ուրվագծելով գերադաս են համարում գործողությունը ավարտել առանց մարդկային զոհերի:

Թեժացնողները, պառակտիչ եւ հրահրիչ հայտարարություններ կատարողները, «մինչեւ վերջ մի՛ հանձնվեք» կամ «գրոհե՛ք» հանձնարարողները հայտնապես երկու կողմերին, գիտակցական մոտեցումով չեն վերաբերվում այս խնդրին:

Լռությունը միշտ չէ, որ կրավորականություն է, անտարբերություն, անկարողություն կամ արհամարհանք:

Իսկ այս պարագայում ավելի համոզիչ է, որ այդպես չէ: Նման ճգնաժամի պայմաններում համեմատական լռությունը բանակցություն է: Իսկ բանակցելը ուժի կիրառման բացառմամբ խաղաղ լուծման հանգելու համար է: Երկու կողմերի լռությունը այս է կանխանշում, մնացյալը` եթե այս տրամաբանությունից դուրս է, կարող է խանգարիչ լինել: Իսկ խանգարումը վերաբերում է մարդկային կյանքերին:

Առ այս պահը խանգարողներին չի հաջողվել ազդել բանակցողների վրա: Կցանկանայինք, որ չազդեին:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին