▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չշփոթենք հավերժականն ու անցողիկը. Աղվան Վարդանյան

 

 

Հայաստան-ԵՄ հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը <<Հայ-թուրքական հարաբերություններ>> թեմայով

 

          Հարգելի գործընկերներ,

            Մինչև թեմային անցնելը, ասեմ, որ ես Հայաստանի խորհրդարանում ներկայացնում եմ ընդդիմադիր <<Հայ Յեղափոխական Դաշնակցությունկուսակցությունը>>, որի համար իմ երկրի անկախությունը, հնարավոր առավելագույն ինքնիշխանությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են, որը համոզված է՝ քաղաքակրթական, հոգևոր-մշակութային առումով մենք Եվրոպայի մաս ենք, և որի ծրագրային նպատակներից է Եվրոպական արժեչափերին համապատասխանող պետություն կառուցելը:

            Հիմա բուն թեման: Բայց նախ հարց՝ ինչու՞ են ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները քննարկվում ԵՄ-Հայաստան համատեքստում: Հայաստան-Վրաստանը չեն քննարկվում, Հայաստան-Իրանը, նույնիսկ՝ Հայաստան-Ռուսաստանը չեն քննարկվում: Բայց Հայաստան-Թուրքիան քննարկվում են: Բնական է, չէ՞, որ այստեղ լրջագույն խնդիրներ գոյություն ունեն, որոնք անհնար է շրջանցել, և որոնք ուղղակիորեն առնչվում են ոչ միայն Հայաստանի զարգացման հնարավորություններին, ոչ միայն անվտանգությանը, այլև լինելիությանն ու հեռանկարին ընդհանրապես: Ահա թե ինչու այդ հարցը մշտապես մեր օրակարգում է: Եվ ես ուզում եմ, որ խնդրի հանդեպ այստեղ ձևավորվող մոտեցումները այդ խորությունն ու պատասխանատվությունը ունենան:

            Հարգելի գործընկերներ,

            Թույլ տվեք առանձնացնել հայ-թուրքական հարաբերություներում առկա երեք խնդիր և դրանց հանդեպ մեր մոտեցումները:

            Առաջինը Ցեղասպանության բաց օրակարգն է: Թուրքիան առայսօր հրաժարվում է առերեսվել իր պատմությանը, Ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին, պետական հատուկ ծրագրով, ձգտում է թույլ չտալ, որ միջազգային հանրությունը վերջնականապես ճանաչի ու դատապարտի այն: Մեր մոտեցումը շատ հստակ է՝ Ցեղասպանության միջազգային համընդհանուր և մասնավորապես Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման և ապագայում նման ոճիրների կանխարգելման առումով: Երկու երկրների միջև իսկապես բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել, եթե հայ ժողովրդի իրավունքների վերականգնման ուղղությամբ քայլեր կատարվեն: Մենք նաև գտնում ենք, որ անցյալի հետ ճշմարիտ առերեսումը անհրաժեշտ է հենց թուրք ժողովրդին՝ իր ինքնության հետ հաշտ ապրելու համար: Այլ ժողովուրդներ գնացել են այդ ճանապարհով և այսօր ազատ են:

            Երկրորդ հիմնահարցը՝ Հայաստանի միակողմանի շրջափակումը: 21-րդ դարում, Եվրոպական խորհրդի անդամ, Եվրամիության հետ համագործակցող, Եվրամիությանն անդամակցելու հավակնություն ունեցող երկրի կողմից: Մենք, ցավոք, խուսափում ենք այս իրողության խիստ դատապարտումից: Մենք առավելագույնը չենք անում, որ Եվրոպայում փակ սահման չլինի, ինչը մեծագույն խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար: Բայց մենք զարմանում ու անակնկալի ենք գալիս, երբ Հայաստանն այլընտրանք չի ունենում:

            Այս հարցին է ուղղակիորեն առնչվում հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը: Փաստ է՝ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել սահմանը: Մենք պատրաստ ենք: Մենք նաև հաստատում ենք այն, ինչ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման օրը՝ 2010թ. հոկտեմբերի 10-ին, ասել է ՀՀ նախագահը.

           1. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը և հայ ժողովրդի հայրենազրկման փաստը:

            2. Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է սահմանների հարց:

            3. Ստորագրված արձանագրությունները որևէ ձևով չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ§:

            Հենց սա էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա երրորդ խնդիրն է: Թուրքիան մեզ համար հիմնարար՝ ազգային-պետական նշանակության Ղարաբաղյան խնդրում բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, հայ-թուրքական գործընթացում նախապայման է դիտում ԼՂՀ հարցի ադրբեջանպաստ հանգուցալուծումը: Այստեղից էլ բխում է Թուրքիայի՝ Հայաստանին տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային, էներգետիկ ծրագրերից մեկուսացնելու հետևողական քաղաքականությունը:

            Նոր օսմանականությունից խոսող, հարևանների հետ զրո խնդիրներ խոստացող, բայց բոլորի հետ սուր հակասություններ ստեղծած Թուրքիան ակնհայտորեն չի կարող մեր տարածաշրջանում կայունացնող կամ միջնորդական դեր ունենալ: Եվ բնական է, որ Թուրքիայի նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահը, հինգուկես տարի անց, կատարեց առաջին քայլը՝ խորհրդարանից ետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները:

            Հարգելի գործընկերներ,

            Եվրոպան ստեղծել են մեծ մտածողները. ստեղծել են Ազատության, Արդարության, Ճշմարտության գաղափարներով ու քրիստոնեական սիրով: Այդ Եվրոպան հայության կողքին էր 1915-ի Ցեղասպանությունից հետո: Այդ Եվրոպան ամբողջովին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին էր 1988 թվականից հետո, երբ մենք մեր ազատության, անկախության և ինքնորոշման համար էինք պայքարում և Խորհրդային Միության կազմաքանդումը նախապատրաստում:

            Այսօր Եվրոպան առավել պրագմատիկ է թվում՝ Թուրքիայի ազդեցությունն  ու ճնշումը, Ադրբեջանի էներգետիկ կարողություններն է հաշվի առնում: Երբեմն շփոթվում են Աստվածաշնչյան հավերժական ու անցողիկ արժեքները: Մենք սա տեսնում ենք: Բայց զգույշ եղեք, որ անցողիկ շահերը չփոխարինեն մնայուն արժեքներին: Միայն հավերժական արժեքներին հավատարմությունն է երաշխավորելու մեր ընդհանուր ապագան: Մենք վստահ ենք՝ Հայաստանը ի վերջո լինելու է այդ մեծ մտածողների ստեղծած Եվրոպայում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին