Դերասանուհի Լալա Մնացականյանն, ով առաջ հանդես էր գալիս որպես ակտիվ քաղաքացի, խոսում էր նախկին իշխանությունների կողմից հաստատված հոռի ու անթույլատրելի բարքերի մասին, քննադատում նրանց, իսկ իշխանափոխությունից հետո ջերմեռանդորեն պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, վաղուց ասպարեզում չի երևում: Դերասանուհին ասում է, որ այսօր ոչնչից չի հասկանում, իսկ ահա Արցախի մասին էլ չի ցանկանում խոսել. «Ոչինչ չեմ հասկանում», - ասում է նա: «Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել դերասանուհուն:
- Տիկին Լալա, ողջ երկիրը խոսում է զոհվածի մորը կալանավորելու մասին: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: Տիկին Գայանեին կալանավորելը իրավական պետություն դառնալու ճանապա՞րհն է՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում։
- Ոչ մի բան ոչ հասկանում եմ արդեն, ոչ էլ:
- Հասարակությունը Ձեզ ընկալել է որպես լավ դերասանուհի, մտավորական, ի վերջո՝ մտավորականը չունի՞ կարծիք:
- Ես կարծիք չունեմ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Այս թատրոնի իմաստը չեմ հասկանում:
- Առաջ շատ ակտիվ էիք, 2018-ին պայքարում էիք: Ինչպե՞ս է ստացվում, որ այն ժամանակ ակտիվ էիք, հիմա` ակտիվ չեք, անգամ չեք հասկանում:
- Այո, ակտիվ էի, ակտիվությունը բերեց նրան, որ ես հասկացա, որ ոչինչ չեմ հասկացել:
- Որպես քաղաքացի ի՞նչ գնահատական կտաք կատարվածին:
- Չգիտեմ՝ ինչ է եղել, չեմ կարող գնահատական տալ: Ինձ համար արդեն բոլորը մի հարթության վրա են հայտնվել` բոլորը, և ես գիտեմ, որ ինձ նման շատ ու շատ մարդիկ չեն հասկանում այսօր ինչ է կատարվում:
- Ինչպե՞ս է ստացվում, որ 2018 թվականին հասկանում էիք, իսկ այսօր չեք հասկանում:
- Դե հենց դա էր խնդիրը: 2018-ին հասա նրան, որ հասկացա` բան չեմ հասկացել, եթե հասել եմ սրան: Ինչի՞ դեմ եմ պայքարել, ի՞նչ եմ ստացել, հիմա չգիտեմ՝ ինչի դեմ պայքարել ու ինչ ստանալ: Չկա մի մարդ, որ ես գնամ ու կողքին կանգնեմ:
Դիտեք նաև՝