«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հաղորդագրություն տարածվեց, որ հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, կրակոցներ են հնչել, որի վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Բարեբախտաբար՝ կրակոցներից տուժածներ չկան։
Մեզ որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից եւ գործող անձանցից։ Պարզվում է՝ «կինոյի գլխավոր հերոսը» եղել է Արմեն Ղալեչյան անունով մի երիտասարդ, որը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է, ինչպես նաեւ նախորդ օրը նրա հարսանիքի խաչեղբայրն էր՝ «ազաբ բաշին»։ Ղալեչյանը նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, իսկ Պապիկյանի՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար եղած ժամանակ աշխատել է նրա ղեկավարած նախարարությունում, հիմա էլ, ասում են, Պապիկյանը նրան հետը տարել է ՊՆ։
Առհասարակ` Սուրեն Պապիկյանն իր բազմաթիվ ընկերներին ու ազգականներին տեղավորել է տարբեր համակարգերում եւ ազատ հաստիքի դեպքում նորանոր նշանակումներ է անում` իր ազդեցությունը տարածելով տարբեր ոլորտների վրա:
Պապիկյանի ընկեր Ղալեչյանը հարսանիքի հաջորդ օրը՝ հունվարի 23-ին, մի խումբ անձանց հետ, որոնց մեջ, ասացին՝ եղել են նաեւ իշխանության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ դատական կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, այցելել է «Ծիրանի» ռեստորան՝ ուտել-խմելու։
Ընթացքում, երբ քեֆները լավացել է, Ղալեչյանն ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է ռեստորանի անվտանգության աշխատակիցներին եւ պահանջել, որ ցույց տան զուգարանի տեղը։ Քեֆը լավ է եղել, կոպիտ է խոսել, ասում են` հայհոյանքով, եւ այդ խոսքից էլ վիճաբանություն է ծագել: Համալիրի անվտանգության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել անկարգ հաճախորդին, այդ ընթացքում մոտեցել են նաեւ Ղալեչյանի հետ նույն սեղանի շուրջ նստած մյուս հյուրերը, եւ չգիտես ով՝ նաեւ կրակել է։
Մեզ պատմեցին, որ Ղալեչյանը եղել է օպերատիվ համարներով եւ առկայծող փարոսիկներով սարքավորված Toyota Prado ամենագնացով, որի օգտագործման իրավունքը խիստ կասկածելի է, քանի որ այդպիսի համարներով ու առկայծող փարոսիկներով ավտոմեքենա տրամադրվում է կոնկրետ անձանց եւ կոնկրետ պայմաններում։
Ծեծկռտուքից հետո ժամանել են ոստիկաններն ու քննիչները, եւ հիմա, ըստ տարածված հաղորդագրության, ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ՝ վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունը պարզելու, նրանց եւ հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որն ուղեկցվել է զենքի գործադրմամբ)։ Հիմա նախաքննական փուլում է, հարցաքննվում են դեպքի մասնակիցները, որոնք 7-8 հոգի են եղել։ Բայց անուններ չասացին՝ ովքեր են ներկա եղել։
Տեղեկացանք, որ իրավապահների միջոցով փորձում են ամեն ինչ անել, որ Արմեն Ղալեչյանի անունը մաքրվի միջադեպից, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի։ Մենք փորձեցինք կապվել Արմեն Ղալեչյանի հետ եւ լսել այս պատմության նրա տարբերակը, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում