Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին շաբաթների ընթացքում՝ բերաքահավաքի շրջանով պայմանավորված, լարվածությունը սահմանային գոտում աճել է:
Ցերեկային ժամերին արտերում աշխատելու ցանկացած փորձ ձախողվում է, քանի որ ադրբեջանական կողմն անմիջապես կրակ է բացում իրենց հողամասերում աշխատող խաղաղ բնակիչների ուղղույամբ:
Շաբաթ օրը բերքահավաքի աշխատանքների ժամանակ Չինարիում միջադեպ է գրանցվել:
«Փոխադարձ պայմանավորվածությամբ Կարմիր Խաչի ներկայացուցիչները ներկա էին, սակայն ադրբեջանիցները կրակեցին հենց իրենց մեքենայի ուղղությամբ: Մեքենան մի կերպ ենք դուրս բերել վտանգավոր գոտուց, կողային ապակին ջարդվել էր, դրոշակն էլ երկու տեղից վնասվել»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Նշենք, որ Չինարիի արտերը հնձելու նպատակով վերցրել են Մովսես գյուղի՝ Կառավարությունից նոր ստացած կոմբայնը, որի ուղղությամբ ևս թշնամին կրակոցներ է արձակել: Կոմբայնն արդեն վերադարձրել են:
Սամվել Սաղոյանը նշեց, որ աշխատանքները շարունակելու համար այս անգամ էլ Չորաթանի կոմբայնն են վերցնելու:
«Արյունով հաց ենք քամում»,- եզրափակեց Սամվել Սաղոյանը: