▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդի հուշարձանը, ախր, ծաղրանկարի ի՞նչ մի թեմա է, տղե՛րք…

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ամեն մարդ, յուրաքանչյուր ստեղծագործող, ինչ խոսք, պետք է լիարժեք հնարավորություն ունենա՝ իր միտքը, տեսակետը, կարծիքը, ստեղծագործության արգասիքը անարգել, առանց խոչընդոտի ներկայացնելու համար: Եվ լավ է, որ մեր երկրում, մեր մեդիա տիրույթում այդ իրավունքի իրացումը հնարավորինս ապահովված է: Ու, այն, ինչ ասում եմ, ոչ մի կերպ ուղղված չէ այդ իրավունքի իրացման դեմ: Առավել ևս, լինելով լրագրող, թե՛ մասնագիտության բերումով, թե՛ իմ աշխարհընկալմամբ, չեմ կարող խոսքի ազատություն ասվածին դեմ լինել: Բայց: 

Արդեն երևի երկրորդ անգամ, չասեմ՝ «թերթերից մեկում», այլ կոնկրետ՝ «Հայկական ժամանակ» թերթում հանդիպում եմ մեր տաղանդավոր ծաղրանկարիչներից մեկի՝ Արզօի ծաղրանկարներին, որոնցում պատկերված է…Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հանրահայտ հուշարձանը: 

Չգիտեմ, թե ում համար՝ ոնց, բայց ինձ համար դա շատ վիրավորական է: Նույնքան վիրավորական, եթե որևէ մեկը փորձեր, օրինակ, իմ հարազատի տապանաքարի հետ կապված ծաղրական մի բան ասեր կամ աներ: Ամենայն անկեղծությամբ եմ ասում: 
Կրկնեմ. Արզօն տաղանդավոր հայ ծաղրանկարիչ է: Սուր միտք ունի: Ու վստահ եմ, որ իր «ծաղրանկարած» թեման կարող է արտացոլել նաև այլ պատկերներով: Ու նաև այդ պատճառով, ոչ մի կերպ չեմ կարող ընկալել, հասկանալ, թե Ծիծեռնակաբերդի հուշարձանը, ախր, ծաղրանկարի ի՞նչ մի թեմա է: 

Լավ, այլ բան չասեմ. մի՞թե այդ հուշարձանի հետ ոչ մի հարազատություն չեք զգում, որ հուշարձանի պատկերը ծաղրանկարում արտացոլելու ենթակա եք համարում: Վստահ եմ, որ չկա մի հայ մարդ, որ Ծիծեռնակաբերդի հուշարձանը նաև անմիջականորեն իրեն առնչվող չհամարի: Ուստի, պարզապես բարեկամաբար ասում եմ. «գործընկերներ ջան, մի հատ ինքներդ նայեք, թե ինչ եք արել»: Ու, եթե լավ նայեք, հուսով եմ, կհամաձայնեք, որ դա, մեր մեջ ասած, անելու ենթակա բան չէր: 

Արմեն Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին