ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին՝ առնվազն քաղաքացիների մի մասը, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԵՊՀ մասնաշենքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը, բուհից աշխատաշուկա մտնելու մասին խոսելիս, հիշեց մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան ասուլիսին քաղաքացիներից մեկի հարցը:
«Մի հարց էին ինձ ուղղել, որի մասին մինչ օրս մտածում եմ: Քաղաքացին ասում էր՝ 22 տարեկան եմ և աշխատանքի ընդունվելուց ուզում են բարձրագույն կրթություն, 3 տարվա աշխատանքային փորձ և 3 լեզուների իմացություն: Առաջին հայացքից սա աբսուրդ է թվում, բայց ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին՝ առնվազն քաղաքացիների մի մասը, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պետք է ոչ թե աշխատանքային պահանջարկը հարմարեցնել, այլ հարմարվել դրան:
«Չի կարող կրթություն, գիտելիք, հմտություն ունեցող մարդը որևէ ոլորտում աշխատանք չգտնել: Եթե չի կարող գտնել, ապա` կարող է ստեղծել»,- նշեց նա:
Դասախոսներից մեկի այն դիտարկմանը, որ Կառավարությունը պետք է պատվիրակի, որ թեզերի թեմաները այսօրվա իրականությունից վերցված լինեն, վարչապետը պատասխանեց. «Գիտության հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ մեր փորձագիտական հանրություն-կառավարություն համագործակցության պրոբլեմ կա: Մենք դրսից ենք պատվիրում, որ փորձագիտական խմբերը գան այս կամ այն հարցը ուսումնասիրեն: Այսօր, ըստ էության, կա տնտեսական մոդելի մի պատկերացում, որը վստահության մանդատ է ստացել է քաղաքացիների կողմից:
Տնտեսագիտական հանրությունը պետք է ներկայացնի իր մոտեցումները, թե ինչպես այդ մոդելը պետք է կյանքի կոչվի»:
Դիտեք նաև՝