Մոծակը կծել է դատապարտյալին, հատուկ ուսուցում անցած ճանճերը կերել են դատապարտյալին,- ՄԻՊ զեկույցում մոտավորապես նման մտքերը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանին ստիպել են ԱԺ-ում խիստ քննադատության ենթարկել ու նույնիսկ հեգնել Մարդու Իրավունքների Պաշտպանի 2014 թվականի զեկույցը:
Եթե Չե Գեւարան կամ մարդու իրավունքների մյուս առաքյալները հիմա կենդանի լինեին, չգիտեմ ինչ տպավորություն կստանային ձեր զեկույցից: Կարելի՞ է արդյոք այդքան անլրջացնել ՄԻՊ զեկույցը: Անատամ ու ոչինչ չասող զեկույց է,-նման կարծիք է հայտնել Սամվել Ֆարմանյանն ու հայտարարել է, որ զեկույցում օմբուդսմենը անհարկի ու բազմաթիվ մեջբերումներ է արել միջազգային կազմակերպությունների զեկույցներից՝ ՀՀ մասին. Մինչդեռ պետք է լիներ հակառակը՝ իրենք հղում անեն ՀՀ ՄԻՊ բացահայտումներին: Իսկ զեկույցում վերաբերմունքը լրիվ փնթի է՝ անգլերենով ներկայացված աղյուսակներ. լրիվ քոփի փեստ: Ես կարծում եմ, որ օմբուդսմենի ինստիտուտի ոչ թե հեղինակության աճ ունենք, այլ նախկինում ստեղծվածի տոտալ մսխում:
Ըստ Սամվել Ֆարմանյանի՝ զավեշտալի բաները այնքան շատ են զեկույցում, որ տասը րոպեն քիչ էր իր համար. Եթե իշխանությունները այնքան գռեհիկ դառնան, որ հայտարարեն, որ միջատների բազմացման նախարարություն է բացվելու, հաջորդ տարի դուք ձեր զեկույցում կգրեք, որ այնտեղ եւս մարդու իրավունքների խախտումներ են եղել:
...Պարզվում է՝ օմբուդսմենը հարյուր տասը հայտարարությամբ է հանդես եկել, մի հատ էլ գրեիք, որ հինգ հատուկ երազ եք տեսել: Ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին,-հայտարարել է Սամվել Ֆարմանյանը, որին նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Ժարմազանովն այսպես է արձագանքել. Դաժան եք, պարոն Ֆարմանյան, դաժան: