Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հրահանգով ապամոնտաժել են Ալեք Մանուկյան 25 հասցեում գտնվող Հանրային Ռադիոյի շենքի բակի ջրավազանն` ինչպես Ռադիոյի շենքում են կատակում`Jazz parking կառուցելու նպատակով:
Սակայն իրականում փաստը հումորի ժանրից չէ. փաստորեն, Հանրային Ռադիոյի բակը չի բավականացնում Ռուբեն Ջաղինյանի ու մյուսների մեքենաների կայանատեղ ծառայելու համար ու նրանք քանդում են շենքի ճարտարապետական նախագծում նշված մի հատվածը` ջրային ավազան, որն ի դեպ, բոլոր ժամանակներում հրշեջների համար ծառայել է պահեստային տարբերակ արտակարգ պատահարների դեպքում, քանի որ Հանրային Ռադիոյի տանիքը ոչ թե «ժեշտից» է` ինչպես հայտնի երգում, այլ` փայտից ու , բնականաբար` հրդեհի վտանգը մեծ է:
Կարևոր մեկ այլ փաստ` Ռուբեն Ջաղինյանը Ռադիոյի բակում գտնվող ջրավազանի քանդման աշխատանքների հրահանգ տվել է ` առանց քաղաքապետարանի համապատասխան բաժնի թույլտվության, ինչը փաստացի ապօրինի գործողություն է:
Հանրայինի ղեկավարն, այսպիսով, ոչ միայն հեռուստատեսությունը և ռադիոն է իր սեփական քմահաճույքների համար օգտագործում, այլև դրանց տարածքը:
Asekose.am-ի տեղեկություններով` քաղաքապետարանի աշխատակիցներն ավելի ուշ այցելել են Հանրային Ռադիոյի բակ ու նկատողություն արել ` առանց թույլտվության շինարարարական աշխատանքներ իրականացնելու համար. քաղաքապետարանի աշխատակիցների այցի ու նկատողության այլ մանրամասներ կպարզենք երկուշաբթի: