pastinfo.am-ը գրում է. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 2015 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկումը հետաքրքիր էր, բավականին ռացիոնալ առաջարկներ եղան:
Այս կարծիքը Ազգային ժողովում այսօր քննարկման ավարտին հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շիբոյանը՝ հավելելով, որ բավականին շատ գրառումներ է կատարել և հետաքրքիր, կառուցողական առաջարկների հիման վրա արդեն համապատասխան հանձնարարականներ տվել:
Նա բոլոր հարցերի հետ կապված համագործակցելու և կառուցողական քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնեց՝ չշրջանցելով եռօրյա բավականին բուռն քննարկումների ընթացում անձամբ իր և հանձնաժողովի հասցեին հնչած սուր քննադատությունը:
«Այնուհանդերձ ես կցանկանայի նաև որոշ ընդդիմադիր գործիչներին անդրադառնալ, ովքեր վիրավորում և զրպարտում են: Դուք դրա իրավունքն ընդհանրապես չունեք: Ցանկանում եմ կրկին կոչ անել՝ ձեր չափն իմացեք և նորմալ պահեք, այլապես իմ պահվածքը կլինի ադեկվատ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե մտահոգ են մրցակցությամբ, թող առաջարկներ ներկայացրեն, այլ ոչ թե տարին մեկ անգամ իրեն ԱԺ-ում տեսնելով՝ «պոպուլիզմին զոռ տալով` անհիմն արտահայտություններ» թույլ տան:
Նշենք, որ ՏՄՊՀ-ի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրն ընդունվեց ի գիտություն:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում