Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրում կատարված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` Չավուշօղլուն հայտարարել է, որ իր բնորոշմամբ գյուլենականների հրահրած հեղաշրջման փորձից առաջ Ադրբեջան կատարած այցի գլխավոր թեմաներից մեկը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խնդիրը:
Թուրք բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ այս թեմայով հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում` ավելացնելով սակայն, որ Հայաստանի հետ որևէ շփում չի ունեցել: Չավուշօղլուի խոսքով ինքը սահմանափակվել է միայն հայաստանցի պաշտոնակցի հետ միջազգային համաժողովների ժամանակ բարևելով ու զրուցելով:
Թուրք նախարարը չի զլացել ևս մեկ անգամ հիշեցնել Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի աջակցության մասին.
«Մենք այդ հարցում միշտ Ադրբեջանի կողքին ենք եղել: Քննարկումներ ենք ունեցել Ադրբեջանի համար ընդունելի բոլոր լուծումների և համատեղ իրականացվելիք քայլերի վերաբերյալ»:
Աղբյուր` Ermenihaber.am