Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն մասին արած հայտարարությանը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Չավուշօղլուն առաջարկել է ռուսական կողմի հետ ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն այն քայլերը, որոնք Ռուսաստանը սպասում է Թուրքիայից:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է. «Պուտինն ասում է` քայլ ենք սպասում: Մենք էլ ասում ենք, որպեսզի կարողանանք կատարել այդ քայլերը, եկեք համատեղ աշխատանքային խումբ ստեղծենք: Թող նրանք երկխոսեն, անհրաժեշտ քայլերի մասին ծրագրեր առաջարկեն: Ըստ նրանց ցանկության` կարող ենք և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական ձևաչափով քննարկել մեր կատարելիք քայլերը և ընդհանուր հայտարարի գալ»:
Նշենք, որ պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Վլադիմիր Պուտինը նշել էր, որ իրենք պատրաստ են քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը` պայմանով, որ Անկարան պետք է անի առաջին քայլը: Պուտինը, սակայն, չէր որոշակիացրել, թե ռուսական կողմն ինչ քայլ է սպասում Թուրքիայից:
Աղբյուր` Ermenihaber