▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չավուշօղլուի տեսլականը՝ 5 շրջանների ենթադրյալ դուրս բերման շուրջ, իրականության երևակայական ընկալում է.Հ. Նաղդալյան

Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ լիագումար նիստում   «Իրավիճակը Թուրքիայում` պետական հեղաշրջման փորձի լույսի ներքո » թեմայի քննարկմանը  ՀՀ ազգային ժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ հակադարձել է Թուրքիայի արտգործնախարարի նախօրեին հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես նշելով, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի Չավուշօղլուի տեսլականը՝ 5 շրջանների ենթադրյալ դուրս բերման շուրջ, իրականության երևակայական ընկալում է: Մինչդեռ ռեալ իրականության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն ուղղված է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Հերմինե Նաղդալյանը թյուրիմացության մեջ գցելու ևս մեկ փորձ է համարել Չավուշողլուի  հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հայտարարությունները.

«Եթե Թուրքիան իսկապես մտադրված է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ դեպքում վավերացված և ի կատար ածված կլինեին ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009 թվականին, բացված կլիներ Եվրոպայի միակ փակ սահմանը», – իր ելույթում նշել է տիկին Նաղդալյանը::

Անդրադառնալով  պետական հեղաշրջումից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակին՝  ՀՀ ԱԺ փոխնախագահը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայում ծավալված հակաժողովրդավարական գործընթացները:

«Այսօրվա քննարկումը լավագույն վկայությունն է, որ իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության «թեժ կետերից» մեկը: Մենք բոլորս գիտակցում ենք, որ երկրի անկայուն իրավիճակը կարող է պայթունավտանգ լինել ոչ միան տարածաշրջանի համար, այլ առավել լայն իմաստով »,- իր մտահոգությունն է փոխանցել ԵԽԽՎ-ականներին հայկական պատվիրակության ղեկավարը և ավելացրել, որ նախագահ Էրդողանի կործանարար արձագանքը որևէ հույս չի թողնում՝ երկրում ցանկացած ժողովրդավարական գործընթացի համար:

Ըստ ԱԺ փոխնախագահի` ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձը օգտագործում են` որպես երկրում բողոքի ակցիաները ճնշելու արդարացում: Եվ դրա արդյունքում հազարավոր զինծառայողներ, դատավորներ, ուսուցիչներ և քաղաքացիական ծառայողներ հանկարծակի ձերբակալվում են կամ աշխատանքից հեռացվում:

«Մարդու հիմնարար իրավունքների կասեցում է նշանակում վերջերս երկարաձգված արտակարգ դրությունը, միաժամանակ ` մահապատիժը կրկին կիրառելու քննարկումը»,- վստահեցրել է տիկին Նաղդալյանը` դրա իբրև արտառոց ապացույց դիտարկելով նաև այն, որ իշխանությունները փակել են մի քանի քրդական հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, այդ թվում` մանկական մեկ ալիք:

«Կարո՞ղ եք պատկերացնել` Թուրքիան սպառնալիքի իրական աղբյուր է դիտարկում մուլտֆիլմային մեկ ալիքը: Եզրակացությունն անխուսափելի է, հարգելի գործընկերնե՛ր, Թուրքիան ավելի ավտորիտար է դառնում, ավելի անկանխատեսելի, որը բերում է հասարակության խորապես պառակտվածությանը »,- իր ելույթում նշել է տիկին Նաղդալյանը:

Հիշեցնելով բոլորովին վերջերս Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության թեմայով քննարկումները և հնչող մտահոգիչ բազմաթիվ տեսակետները ` Հերմինե Նաղդալյանը կրկին հնչեցրել է հայկական կողմի պնդումը` Թուրքիայում մոնիտորինգի գործընթացը վերականգնելու գաղափարի շուրջ, քանզի, ըստ Նաղդալյանի, այդ հարցն այսօր առավել քան հրատապ է` պայմանավորված կտրուկ շրջադարձով, որը Թուրքիան կատարեց իր ժողովրդավարացման ճանապարհին:

«Թուրքական իշխանությունները, բոլորովին անտեսելով օրենքի գերակայությունը, իրավիճակը օգտագործում են` պայքարելու երկրում իրենց քաղաքական հակառակորդների և ազգային փոքրամասնությունների դեմ:

Այնպես որ, նախարար Չավուշօղլուն ավելի լավ կլիներ կենտրոնանար այդ լուրջ խնդիրների վրա, այլ ոչ թե՝ Վեհաժողովի հետ կիսվեր իր անձնական պատմություններով »,- եզրափակել  է հայկական պատվիրակության ղեկավարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին