Ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի և Տարոն Թովմասյանի պսակադրության և հարսանեկան արարողության մանրամասներից ընթերցողներին թերևս հետաքրքրում են դրա մասնակցիների անունները:
Ինչպես գրում է esyes.am կայքը, հարսանեկան խնջույքին, որ տեղի է ունեցել «Շանթ» ռեստորանում, ներկա են եղել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Նազիկ Ավդալյանն ամուսնու՝ Էրիկ Կարապետյանի հետ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, զույգի մտերիմներն ու բարեկամները:
Տարոնն ու Հռիփսիմեն միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել և Աստծո օրհնությունը ստացել են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում:
Իր հարսանեկան զգեստը մարզիկը Բելգիայից է ձեռք բերել. ընդունված կարգի համաձայն այն նրա փեսացուն է գնել, սակայն սիրելիին հարսանեկան զգեստով տեսնելու հնարավորություն մինչև հարսանիքի օրը չէր ունեցել:
Հարսանիքից հետո զույգը մեկնել է Ծաղկաձոր, սակայն նրանց մեղրամիսը միայն 3 օր է տևելու: Հռիփսիմեն նշել է , որ մի շարք անելիքներ ունի. թեև 1 տարի որևէ մրցաշարում հանդես չի գալու, այս ընթացքում մարզումները չի դադարեցնելու:
Պսակադրությունից հետո Հռիփսիմեն ու Տարոնն ապրելու են փեսայի ընտանիքի հետ, Հռիփսիմեն պատմել է , որ ապագա ամուսնու ընտանիքը բազմանդամ է. «Տանը տատիկ էլ ունենք, ինչի համար անչափ ուրախ եմ: Շատ եմ սիրում, երբ տանը տատիկ-պապիկ է լինում, թեև, պետք է նշեմ, որ մոտ 1 տարուց առանձին ենք ապրելու: Պատրաստվում ենք բնակարան գնել, որը կկահավորենք մեր ճաշակով»: