Անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարի թեման սևեռել են դեպի ազգային անվտանգության խնդիրները և ահաբեկչության դեմ պայքարը:
Մինչ բելգիացիները շարունակում են սգալ՝ ցույցերն ու անվտանգության մտահոգությունները ստիպեցին դադարեցնել Բրյուսելում խաղաղության երթը:
Մինչ այդ ԱՄՆ-ում ահաբեկչական այս հարձակումները նախագահական ընտրությունների մասնակիցների հռետորության նոր ալիք բարձրացրեցին: Հանրապետականների թեկնածու Թեդ Քրուզը խոստացել է ոչնչացնել Դաեշ ահաբեկչական խմբավորումը:
«Մենք նրանց կոչնչացնենք ճնշող օդային հարվածներով և համատարած ռմբակոծություններով»,- հայտարարել է Թեդ Քրուզը։
Մեկ այլ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսային հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը գտնվում է վտանգի տակ:
Նա ասել է,- «Ահաբեկչությունը այս երկրում հսկողությունից դուրս է: Եվ եթե մենք շատ ուժեղ և շատ խելացի չլինենք ապա շատ մեծ խնդիրներ կունենանք»:
Բարաք Օբաման ասել է, որ ահաբեկչության հանդեպ հաղթանակը հնարավոր չէ միայն զենքի ուժով և, որ ԱՄՆ-ը պետք է օրինակ ծառայի մյուս երկրների համար:
«Դաեշի վայրագություններից փախչող փախստականների հանդեպ մեր գթասիրտ վերաբերմունքով, պետք է հաղթենք ատելությամբ և բռնությամբ լի քարոզչությունը: Այս ամենը իրագործելու համար մեր ամենահուսալի գործընկերները մահմեդական-ամերիկացիներն են»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։
Օբամայի այս ուղերձին միացավ նաև դեմոկրատների ընտրապայքարի առաջատար Հիլարի Քլինթոնը:
Նրա խոսքերով,- «Մենք չենք կարող խուճապի և վախի մատնվել: Դա մեր արժեքներին դեմ է, դա մեզ չի պաշտպանում, և ահաբեկիչները դա օգտագործում են»:
Մինչ հանրապետականները Օբամային մեղադրում են թույլ լինելու մեջ, դեմոկրատ Բեռնի Սանդերսի կարծիքով մահմեդականները պետք է առաջնորդեն Դաեշի դեմ պայքարը:
Նրա խոսքերով,- «Ես դեմ եմ, որ ԱՄՆ-ը ներգրավվի Մերձավոր Արևելքում տիրող անժամկետ պատերազմում»:
Հարցումները ցույց են տալիս, որ Փարիզի ահաբեկչական հարձակումներից հետո ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում անվտանգության շուրջ մտահոգությունները կտրուկ աճել են, փոխարինելով նախկինում ավելի կարևոր համարվող տնտեսական խնդիրներին: