▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրեգովիչի երևանյան համերգը չեղարկվել է քաղաքապետարանի պատճառով. մարդիկ զանգվածաբար վերադարձրել են տոմսերը

Հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի նոյեմբերի 24-ին կայանալիք երեւանյան համերգը չեղարկվել է:

«Հայկական ժամանակ»-ն է գրում այս մասին ու նշում, որ այս մասին  հայտնել է  համերգի կազմակերպիչ «AVM prodaction» ընկերության պրոդյուսեր Վիկտորյա Մալոյանը:

Ամանորի գիշերը Երեւանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակում կազմակերպում է Գորան Բրեգովիչի բարեգործական համերգը, ինչն էլ հանդիսացել է չեղարկման պատճառ: Համերգը արդեն մեկ անգամ հետաձգվել էր: Այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության պատճառաբանությամբ տեղափոխվել էր նոյեմբերի 24-ը:

Դրանից հետո «AVM production»-ը հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացրել է, որ հոկտեմբերի 18-ի համերգի համար գնված տոմսերն ուժի մեջ են: Վիկտորյա Մալոյանը հայտնել է , որ տոմսերը բավականին լավ են վաճառվել: Վաճառքը չի նվազել նաեւ համերգի օրը տեղափոխելուց հետո, սակայն հենց քաղաքապետարանը հայտարարել է հրապարակում սպասվող անվճար համերգի մասին, տոմսերի 80 տոկոսը մարդիկ հետ են վերադարձրել:

«Քաղաքապետարանը շատ տգեղ բան արեց: Մենք կանխավճար էինք տվել թե՛ համալիրին, թե՛ Բրեգովիչին»,- ասել է  ընկերության պրոդյուսերը ու հայտնել է, որ խնդրել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, որ իրենց հայտարարությունը տարածեն նոյեմբերի 24-ի համերգը կայանալուց հետո, սակայն չեն արել:

Ընկերությունը հայցում է բոլորի ներողամտությունը եւ տեղեկացնում, որ վաճառված տոմսերի գումարները կարող են ստանալ մինչեւ դեկտեմբերի 20-ը:

Տիգրան Վիրաբյանը  չի հերքել,  որ կազմակերպիչները դիմել են հայտարարությունը ժամանակավոր հեռացնելու խնդրանքով, սակայն խոսքը վերաբերել է ոչ թե մինչեւ նոյեմբերի 24-ը չդնելուն, այլ հոկտեմբերի 18-ը: «Երբ որ համերգը հետաձգվեց, այստեղ արդեն մենք չէինք կարող հայտարարություն չանել»,- ասել է  Վիրաբյանը:

Իսկ  ինչքան գումար են հատկացրել Ամանորի գիշերը հրապարակում կայանալիք Բրեգովիչի համերգի համար: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը միայն նշել է՝  տոնական միջոցառման բոլոր ծախսերը կատարվելու են կառավարության որոշմամբ հատկացված 271 միլիոնի եւ Երեւանի բյուջեով նախատեսված 54 միլիոնի շրջանակներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին