▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոյկոտ կոնկրետ ցուցակով. «ՉԻ»

«Չորրորդ Ինքնիշխանություն» թերթը, հիշեցնելով, որ դեկտեմբերի 4-ին ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ քվեարկեց ոչ իշխանական խմբակցությունների կողմից առաջարկված Կուտակային կենսաթոշակների օրենքում պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագծին, գրում է, որ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները, հաշվի առնելով քվեարկողների կուսակցական պատկանելությունը,   սկզբի համար քննարկել են հետեւյալ առաջարկը՝  բոյկոտել բոլոր հանրապետականներին պատկանող կառույցներն ու սպասարկման կետերը` խանութ, ռեստորան, բենզալցակայան եւ այլն։

«Չորրորդ Ինքնիշխանություն»-ը նաև կոնկրետ մատնանշել այն օբյեկտները, խանութներն ու հանրային ծառայությունների ոլորտները, որոնք պատկանում են ՀՀԿ-ականներին։

 

 

 

 

 

 

ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը՝ Եվրոստանի Մանվելը, ոչ միայն նախագծի քննարկման ողջ ընթացքում իրեն թույլ տվեց ոչ կոռեկտ արտահայտություններ պայքարողների մասով, այլ նաեւ վերջինս այն ՀՀԿ-ական ակտիվիստներից էր, որոնք անհասկանալի փաստարկներով փորձում էին սատարել վարչապետին ու նրա՝ երիտասարդներին թալանելու քաղաքականությանը։ Բադեյանը օրենքի հետաձգմանը կողմ քվեարկողների ցանկում է։ Ինչպես հայտնի է, սույն բիզնեսմեն-պատգամավորին է պատկանում «Եվրոստան ույուտ» ընկերությունը։ Ընկերության հիմնական գործը եվրոլուսամուտների եւ դռների պատրաստումն ու իրացումն է։ Պետք է բոյկոտել Եվրոստանի Մանվելի արտադրանքը, հատկապես` որ ամեն թաղամասում մի քանի համանման «ցեխեր» են գործում, եւ դրանց արտադրանքը հաճախ ավելի որակով է դուրս գալիս, քան այս պատգամավորի առաջարկածը։ Բոյկոտում ենք Եվրոստանի Մանվելի եվրոդռներն ու լուսամուտները։

ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, եւս դեմ է քվեարկել օրենքի հետաձգմանը։ Այս պատգամավորն օրենքի քննարկումների ընթացքում առանձնապես ակտիվություն չի ցուցաբերել, սակայն ակտիվորեն ներկայացել է նիստին ու քվեարկել այնպես, ինչպես հրահանգված է եղել վարչապետի կողմից։ Այս բիզնեսմեն-պատգամավորին է պատկանում «ՄԱՊ» բրենդի տակ արտադրվող ոգելից խմիչքների հարուստ տեսականին. խոսքը գինու եւ կոնյակի մասին է։ Բոյկոտում ենք «ՄԱՊ»-ի ամբողջ ապրանքատեսականին։

ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը, չէր կարող հետ մնալ իր ՀՀԿ-ական կոլեգաներից, ուստի՝ պարտաճանաչ կոճակ սեղմողի պես վերջինս ներկայացավ Ազգային ժողով եւ դեմ քվեարկեց կուտակային համակարգի հետաձգման նախագծին։ Դերժավայի Արկադն այն մանդատավորներից է, որոնց մասին ռեժիմը հիշում է ընտրությունից ընտրություն, երբ անհրաժեշտություն է առաջանում փողով ձայներ գնել կամ լցնել քվատուփերը։ Դերժավայի Արկադը ներկրում է «Օրբիթ» եւ «Դիրոլ» մաստակները։  Սկզբի համար՝ առաջարկում ենք ընդհանրապես դադարեցնել գնել այս մաստակները, հատկապես, որ համապատասխան շուկան Հայաստանում բազմազան է, ուստի՝ թե գնային, թե համային, թե որակական առումով հաստատ այս ծամոններին շուկայում այլընտրանք կգտնվի։

ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը գուցե չհասներ ԱԺ, եթե թիկունքում չունենար Սամվել Ալեքսանյանի նման հզոր ազգական։ Այո, խոսքը օլիգարխ Սամվել Ալեքսանյանի մասին է, որի անձի շուրջ հետաքրքրությունը չի մարում այն պարզ պատճառով, որ վերջինս հավասար մրցակից չունի Հայաստանում ունեցած բիզնեսմենաշնորհների ոլորտում։ Եվ ուրեմն՝ ՀՀ քաղաքացիներն այս պարագայում բոյկոտի «լայն տեսականի» ունեն։ Նախ «Սիթիների» ցանցը։ Կարելի է պարզապես այլեւս առեւտուր չանել «Սիթիներից». հաստատ այլընտրանք կգտնվի։ Գնային քաղաքականության առումով կարող ենք առաջարկել «Զովքը»։ Ճիշտ է, խոսակցություններ կան, որ այս սուպերմարկետում «փայատեր» է հանդիսանում կաթողիկոս Գարեգին Բ-ն (դրա մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել եւ գեթ մեկ անգամ հերքում չի տրվել), այնուամենայնիվ, քաղաքական այս իրավիճակում ավելի լավ է առեւտուր անել «Զովքից», քան «Սիթիից»։ Եվ եթե բոյկոտում ենք «Սիթին», ստացվում է, որ բոյկոտի տակ են հայտնվում Ալեքսանյանի բոլոր արտադրանքները՝ ձեթը, մակարոնեղենը, մսեղենը, ձկնեղենը, բանջարեղենը, սպիրտային խմիչքները, որոշ հյութեր, հացաբուլկեղենը եւ այլն։

Փոքր-ինչ դժվար է լինելու դեղորայքի դեպքում։ Ինչպես հայտնի է, դեղ ներկրող ամենամեծ ընկերությունը պատկանում է Ալեքսանյանին. խոսքը «Նատալի Ֆարմի» մասին է։ Բանն այն է, որ կոնկրետ դեղամիջոցներ կան, որոնց ներկրման լիցենզիան բացառապես պատկանում է այս ընկերությանը, ուստի՝ տեսականորեն դժվար կլինի ամբողջությամբ բոյկոտել «Նատալի Ֆարմը»։ Այնուամենայնիվ, միանգամայն իրատեսական եւ հնարավոր է այս ընկերության բոյկոտը եւս։ Ժողովրդական խոսքն ասում է. «Մարդու մտքին տեղ լինի», եւ եթե «լինի», ուրեմն՝ նվազագույնի կհասցվի այս ընկերությունից օգտվելու անհրաժեշտությունը եւս։

Հավելենք նաեւ, որ չնայած ամանորյա գիշերը ամենաէժան գնով կարելի է անցկացնել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում, այնուամենայնիվ, ճիշտ ժամանակն է ազգովի բոյկոտելու նաեւ այս օբյեկտը։

Ի դեպ՝ Սամվել Ալեքսանյանը չի մասնակցել քվեարկությանը. նա բացակա է եղել, համենայնդեպս քվեարկած պատգամավորների հրապարակված ցանկում Ալեքսանյանի անունը բացակայում է։ Եվ չնայած սրան՝ Ալեքսանյանը պատասխանատու է քրոջ փեսայի քաղաքական ճակատագրի համար, եւ նրա ցանկացած սխալ կամ սայթաքում վերագրվում է հենց Ալեքսանյանին։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին