Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին մալայզիական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ավստրալացի երեք երեխաների մայրը Պերտ քաղաքում (Ավստրալիա) անցկացված բազմամարդ հոգեհանգստի արարողության ժամանակ կիսվել է իր ցավով, գրում է Daily Mail-ը:
Մո, Էվի և Օտիս Մասլինները և նրանց պապիկը՝ Նիք Նորիսն այդ օդանավով վերադառնալիս էին եղել Ամստերդամում անցկացրած արձակուրդներից: «Այժմ ես նրանց տեսնում եմ միայն իմ մտքերում: Ես չեմ կարող նրանց դիպչել, չեմ կարող զգալ նրանց ջերմությունը: Ես կարող եմ միայն պատկերացնել: Իմ սրտում սերը միշտ բաց կլինի նրանց համար»,- ասել է նրանց մայրը՝ Ռին Նորիսը:
Երեք երեխաների մայրը, ով իր երեխաներին և հորը հիշելիս սկսել է արտասվել, առաջին անգամ է հրապարակային խոսել իր ամուսնու հետ տարածած հայտարարությունից հետո: Էնթոնի Մասլինը ներկաներին պատմել է, թե որքան շատ երկրներում են եղել իր երեխաները, և նկարագրել է նրանց որպես «մաքուր, անմեղ, կատարյալ հոգիներ»: Նրա խոսքով՝ իրենց ապրած դժոխքից ավելի սարսափելի է այն միտքը, որ իրենց ընտանիքը երբեք գոյություն չի ունեցել: Մասլինի խոսքով՝ ինքը սփոփանք է գտել այն փաստի մեջ, որ իր երեք երեխաները մահացել են իրենց իմացած «ամենախելացի մարդու»՝ իրենց պապիկի հետ ճամփորդելիս: Հոգեհանգստի ժամանակ ցուցադրվել է նաև փոքրիկ տեսաուղերձ, որը երեխաները ձայնագրել էին իրենց ընկերոջ համար, ում պատրաստվում էին հանդիպել արձակուրդների ժամանակ: Տեսանյութում երեք երեխաներն ասում են մորաքույր Լինդային, որ կարոտում են նրան և հուսով են տեսնել նրան հաջորդ տարի: Հոգեհանգստին մասնակցելու համար Ուկրաինայից Պերտ էր վերադարձել նաև Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը: