Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ խորհրդարանական համակարգը թերություններ չունի, ուղղակի որոշ երկրներում կան տարբերակներ, որոնք լավ չեն աշխատում:
«Աշխարհում չկա գեթ մեկ դեմոկրատական երկիր, որում խորհրդարանական համակարգ չէ: Մենք իդեալական տարբերակ չենք ընդունել, կան բազում թերություններ.կայուն մեծամասնության, քաղաքացիությունից զրկելու անհնարինության կետերը: Անհրաժեշտ է փոխել նաև այն կետը, համաձայն որի՝ քաղաքացին կարող է որոշ դեպքերում հանձնվել օտար պետությանը,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Մարտիրոսյանը:
Խոսելով կուսակցությունների վերադասավորման մասին՝ նկատեց.
«Քաղաքական կյանքում ամեն ինչ հնարավոր է.գուցե բարձրանա ՀՅԴ-ի դերը, որը վերջին տարիներին անկում էր ապրում: ԲՀԿ-ի դեպքում էլ՝ գրեթե վստահ եմ, որ կկատարի նույն դերը, ինչը որ հիմա է: Կփորձեն հարություն տալ «Օրինաց երկիր» կուսակցությանն ու նոր իմիջով մտցնել քաղաքականություն»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, քաղաքագետը նշեց, որ կոալիցիան կլինի փորձ՝ ցույց տալու, որ խորհրդարանական համակարգն աշխատում է.
«Հնարավոր է՝ ՀՅԴ-ն, «Օրինաց երկիր»-ը և ԲՀԿ-ն կոալիցիա կազմեն»,-ասաց Հայկ Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, քաղաքագետի խոսքով՝ ընդդիմություն կա, գուցե մենք չենք տեսնում.
«Այն, ինչ կա՝ թույլ է, ջլատված ու ոչ կազմակերպված: Թերևս Նիկոլ Փաշինյանի ուժը կստանա առաջնություն՝ ընդդիմության դաշտում»:
Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Հայկ Մարտիրոսյանը ցավ հայտնեց, որ այդ երևույթը մենք չենք կարողանում հաղթահարել.
«Ընտրախախտում կատարում է ժողովուրդը: Նրանք հայ են, ՀՀ քաղաքացի, որոնք չունեն բարոյական զսպաշապիկ: Հիմնական խնդիրը պետք է լինի՝ փոխել հասարակության այդ հատվածի մենթալիտետը, բարոյական բնույթը, մակարդակը: Մոռանում ենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններն մի քանի 1000 դրամով քաղաքացիները վաճառեցին իրենց ձայնը»,-եզրափակեց քաղաքագետը:
Անի Կարապետյան