▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարեգործությունն ընդդեմ շահամոլության

Օրրանի հարևանությամբ ընթացող ապօրինի շինարարության աշխատանքների կասեցման վերաբերյալ Վարչական և Երևանի քաղաքացիական դատարանների որոշումը բողոքարկվել էր կառուցապատողի կողմից։

Փետրվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց միջնորդության վերացման հայցը և շինարարական աշխատանքների կասեցման որոշումը ուժի մեջ թողեց մինչև վերջնական վճռի կայացումը, որը տեղի կունենա 2024թ․-ի հունիսին։

Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, դատարանի վճռի մասին խոսելով,  նշեց․ «Ողջունելի է, որ մինչ այժմ դատարանը պահպանել է անաչառությունը՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ Ֆեմիդան կույր է և օրենքի առաջ հավասար են բոլորը: Ես ուրախ եմ ոչ միայն Օրրանի հազարավոր շահառուների, այլ նաև մեր հանրապետության համար։ Ուզում եմ հուսալ, որ մենք վերջապես գիտակցում ենք, որ եթե աշխարհից արդարություն ենք ուզում, ապա պետք է սկսենք մեր տանից։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հավակնի հայրենիքի իր անկյունը դարձնելու գեղեցիկ, հոգատար, ապահով և պայծառ՝ մեր երեխաների համար: Ակնկալում ենք, որ հենց այս արդար հիմքի վրա էլ դատարանը հունիսին վերջնական վճիռ կկայացնի։»

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Օրրան բարեգործական կազմակերպությունը ահազանգել էր իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։

Օրրանը բարեգործական կազմակերպություն է, որն արդեն 23 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին, միայնակ տարեցներին և երեխաներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին