Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել. այս մասին «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարության հետ հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ կարգավորման:
«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ»,- ասել է Մամեդյարովը:
Նրա պնդմամբ՝ մինչ պատերազմը հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ունեցել են այդ կապերը, որոնք «ցավոք, խզվել են Հայաստանի նախկին ղեկավարության գործողությունների հետևանքով»: Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրած մահմեդական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ:
«Գիտեք, անհնարին է վերցնել հողն ու դրա հետ միասին տեղափոխվել այլ վայր: Հակամարտության կարգավորումից հետո այս երկու համայնքները, իհարկե, պետք է ապրեն միասին: Հենց այդ պատճառով կարևոր է հայկական ու ադրբեջանական համայնքների միջև կապերի վերականգնումը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Կարդացեք նաև՝ Պաշտոնական Բաքուն 2019-ին Երևանից ակնկալում է «Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում»