«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ը այս տարվա հունվարին անդրադարձել էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկից 1 մլն 975 հազար դրամի խոզի մսի կորստի փաստի առթիվ հարուցված քրեական գործին: Ինչպես հայտնի է՝ ամբաստանյալի աթոռին էր հայտնվել ՀՀ ՊՆ N զորամասի պարենային պահեստի պետ Պարգեւ Կարապետյանը:
Եվ այսպես՝ խոզի մսի անհետացումից հետո «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, այն, որ 2015 թվականից Պարգեւ Կարապետյանին է հանձնարարվել ստուգել եւ հետեւել զորամաս ստացվող ապրանքներին, սակայն ինչ-ինչ հանգամանքներում Կարապետյանը այն չէր իրականացրել:
Այս գործով նախաքննությունն ավարտվել էր, եւ այն 2017-ի հունվարի 23-ին ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Պարզեցինք, որ Կարապետյանը դատարանում հայտարարել է, որ կատարված արարքում իրեն մեղավոր է ճանաչում եւ խնդրում է դատարանում քննությունն իրականացվի արագացված ընթացակարգով: Դատարանը նրան դատապարտել է տուգանքի տեսքով՝ 150 հազար դրամի չափով:
Ստացվում է, որ հայոց բանակից շորջ 2 միլինոի արժողությամբ խոզի մսի անհետանալը ընդամենը 150 հազար դրամ տուգանքի արժանի հանցանք է:
Այ հենց այս վերաբերմունքն է պատճառը, որ բանակից արված գողությունը ոչ թե մտավախություն, պատժի անխուսափելիության զգացողություն է առաջացնում մարդկանց մոտ, այլ քմծիծաղ: Թալանիր 2 մլն, տուգանվիր 150 հազար դրամով, վատ բիզնես չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում