ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ավարտին խոսելով լրագրողների հետ ասել է, որ բանակցային գործընթացում առանց ԼՂՀ լիարժեք մասնակցության անհնար է լուրջ առաջընթաց գրանցել։
«Դա այն կետն է, որի մասին մենք միշտ խոսում ենք։ Դա մեր պաշտոնական դիրքորոշումն է։ Ոչ միայն ղարաբաղյան կողմի պահանջը, այլեւ օբյեկտիվ իրականություն։ Այսօր առանց բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, անհնար է լուրջ առաջընթաց գրանցել»։
Նախարարի խոսքով՝ այդ տեսակետը ԵԱՀԿ–ի համար նորություն չէ, քանի որ ԼՂՀ այդ մասին բազմիցս է հայտարարել։
«Մենք նորից ենք այն ներկայացրել, եւ դա հաշվի է առնվել։ Մենք նաեւ խոսել ենք այն մասին, որ անկախ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակից, անկախ այն հանգամանքից, թե ստատուս քվոն պահպանվում է, թե ոչ, կան Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները, որոնք պետք է բավարարվեն։ Եվ ԵԱՀԿ–ն՝ որպես լրջագույն միջազգային կառույց, որի գործառույթների մեջ է մտնում նաեւ նրա տարածքում ապրող ժողովուրդների հումանիտար հարցերը, պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ շրջափակման պատճառով ոտնահարվում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ կրթության, ազատ տեղաշարժի եւ մի շարք այլ իրավունքներ։ Այդ ուղղությամբ ԵԱՀԿ–ն նույնպես կարող է դեր խաղալ»: