▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բակային կենդանիների խնամքի ծրագիր Երևանում.«Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»

«Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» կենդանապաշտպան ցանց-կազմակերպությունն (քաղաքացիական նախաձեռնություն-շարժումը) առաջարկում է մասնակցել անտուն կենդանիների խնամակալության ծրագրին:

Եթե Ձեր բակում կան բոլորի կողմից սիրված շնիկներ ու կատուներ, որոնց մասին հոգ եք տանում ամբողջ  բակով կամ հակառակը, ոչ ոք հոգ չի տանում, բայց Դուք կցանկանայիք, սակայն չեք կարող որևէ  պատճառով պահել կենդանի տանը, ապա սա հիանալի հնարավորություն է:

 

Ծրագրի պայմանները

 Պատասխանատու անձը՝ խնամակալը, լրացնում է հայտ այն կենդանու համար, որի նկատմամբ ստանձնում է խնամակալություն և պարտավորվում է իրագործել ծրագրի պայմանները:

  • Եթե շներ են (ամեն բակում կարող են ապրել և խնամվել 2-3 միջին կամ փոքր չափերի շներ կամ էլ 1-2 մեծ)` էգերը ստերիլիզացվում են, պատվաստվում են, ժամանակի ընթացքում չիպավորվում են, հագցվում է հատուկ վզակապ, պատրաստվում են բներ, ժամանակի ընթացքում տրամադրվում անձնագիր:
  • Եթե կատուներ են՝ խնամակալը պարտավորվում է կերակրել, մաքրել լվերից ու այլ մակաբույծներից, ժամանակին տեղեկացնել առողջական խնդիրների մասին, փորձել ձագերին մեր օգնությամբ տերեր գտնել: Հետագայում էգերը կստերիլիզացվեն:
  • Կենդանիները պետք է ունենան բներ, կերակրաման, հնարավորության դեպքում՝ ցանկապատված տարածք, պարբերական կերակրում, անհրաժեշտության դեպքում` անասնաբույժի օգնություն մեր աջակցությամբ:
  • Կազմակերպության հերթապահ-համակարգողը եռամսյակը մեկ կվերահսկի կենդանիների վիճակը բակ առ բակ:

 

Ծրագրի առավելությունները.

  • Շունը և′ պահպանում է տարածքը, և′ սանիտարի դեր է կատարում` զբաղեցնելով ու պաշտպանելով իր կերակրման տարածքն այլ օտար շներից, որոնք կարող են լինել ագրեսիվ և վարակիչ հիվանդ:
  • Հաճախ այսպիսի շներին սպանում են հատուկ ծառայությունների որսորդները, ինչն, իհարկե, մեծ ցավ է այն մարդկանց համար, ովքեր սիրում և կերակրում են կենդանիներին:  Եթե Ձեր խնամյալները գրանցված և հաշվառման մեջ լինեն, ապա դուք առավելապես պաշտպանված կլինեք վերոնշյալից:
  • Սովորաբար ընտելացրած շները լավ հարմարվում են բակի կատուների հետ և նույնիսկ պաշտպանում նրանց այլ թափառող շներից: Այսինքն, ապահովվում է բակի կատուների անվտանգությունը և կանխվում նաև նրանց միգրացիան:

Սա լավագույն և մարդկային միջոց է՝ վերահսկելու փողոցային կենդանիների գլխաքանակի անվտանգ աճը քաղաքում: Ծրագրին մասնակցելով Դուք ոչ՛ միայն ձեռք կբերեք ընկերներ, կկատարեք բարի գործ, այլ նաև կմասնակցե՛ք քաղաքի սոցիալական շարժմանը` հոգալով ինքներդ Ձեր, Ձեր մտերիմների, երեխաների և, իհարկե, կենդանիների մասին:

Այսպիսով, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ`

  • պաշտպանել կենդանիների և ձեր շահերը,
  • գնային առումով կազմակերպել առավել հասանելի որակյալ բժշկական օգնություն,
  • նվազագույն գներով կազմակերպել կենդանիների սննդի ապահովումը Երևանում,
  • խորհրդատվություն տրամադրել Ձեզ Ձեր սիրելի կենդանիների համար:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին