«Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց»․ Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ։ Իր խոսքում Հարությունյանը, մասնավորապես, նշել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր հրավիրել եմ Կառավարության նիստ, որտեղ ներկայացրել եմ Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին, ով ունենալու է լիազորությունների լայն շրջանակ: Նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ պաշտպանության, արտաքին ու ներքին գործերի նախարարությունների։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ անկախ դժվարություններից և մեր նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումներից՝ մենք հավատարիմ ենք մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու:
Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար: Իսկ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ինչպես հայտարարել եմ փետրվարի 23-ի իմ ուղերձում, անհրաժեշտ է ապահովել որոշակի պայմաններ ու միջազգային ձևաչափ»: