▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ մանրամասներ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ․ «Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ-ում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների դռնփակ հանդիպումը, որը տեւել է երկու ժամից ավելի: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումից: Նախ տեղեկացանք, որ ՔՊ-ականների համար անակնկալ է եղել Փաշինյանի՝ ԱԺ գալը. վերջին պահին են իմացել, որ վարչապետի հետ հանդիպում է նախատեսված, եւ շտապել են ԱԺ: Հանդիպմանը, բացի պատգամավորներից, ներկա են եղել նաեւ դեռեւս ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ՔՊ-ականները ոչ ամբողջ կազմով են ներկա եղել վարչապետի հետ հանդիպմանը, քանի որ մի մասը գործուղումների են: Հանդիպման հիմնական օրակարգը եղել է կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումը եւ մյուս շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյան: Փաշինյանը նախ ներկայացրել է բրյուսելյան հանդիպման մանրամասները, ամփոփել է արդյունքները, իսկ ՔՊ-ականները հիմնականում լսողի դերում են եղել, միայն նրանցից մի քանիսն են հարցեր ուղղել Փաշինյանին: Թեեւ Փաշինյանն ասել է, որ մի շարք կարեւոր հարցերի շուրջ չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ, բայց, ընդհանուր առմամբ, Փաշինյանը եւ ՔՊ-ականները դրական են գնահատել Բրյուսելում հանդիպումը: Առաջիկայում Մոսկվայում եւ Քիշնեւում սպասվող հանդիպումներին Փաշինյանը չի անդրադարձել: Նիստի վերջում քննարկվել են ներքաղաքական, կուսակցության գործունեությանը եւ քառօրյային առնչվող ընթացիկ հարցեր»:

«Հրապարակ» թերթն էլ գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային ժողով եւ կեսօրին հանդիպել իշխող խմբակցության հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախապես ՔՊ-ականները չեն իմացել․ քննարկվում էր երկուշաբթի օրը հանդիպելու հարցը։ Հանդիպման հրատապությունը թերեւս պայմանավորված է եղել երեկ Մոսկվայում ընթացող Միրզոյան-Բայրամով բանակցությունների, ինչպես նաեւ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ բանակցությունների փաստով եւ դրանից առաջ որոշ նախազգուշացումների անհրաժեշտությամբ։ Փաշինյանը երեկվա հանդիպմանը ներկա սակավաթիվ թիմակիցներին հորդորել է՝ առաջիկայում պարզապես չխոսել ՌԴ-ի հետ կապված թեմաներով․ ՀԱՊԿ-ից դուրս գալու, դիտորդների եւ այլնի վերաբերյալ: Ռուսաստանի մասին ո՛չ լավ, ո՛չ վատ կարծիք չհայտնել։

Բանն այն է, որ երեկ՝ առավոտ կանուխ, երբ ԱԳ նախարարը դեռ չէր հանդիպել իր պաշտոնակցի հետ, խորհրդարանում ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը ՌԴ էր քլնգում՝ ասելով, որ ՀՀ-ում ռուսների ներկայությունը կարող է նոր սադրանքների առիթ դառնալ, որ ռուս սահմանապահները հեռացել են սահմաններից՝ տեղը զիջելով Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ բրյուսելյան բանակցությունների մասին, բայց նոր բան չի ասել: Ի դեպ, ՔՊ-ականների սակավաթիվությունը մասամբ պայմանավորված է եղել գործուղումներով, ոմանք էլ նախապես չեն իմացել հանդիպման մասին, ԱԺ-ում չեն եղել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին