Առաջարկություն ունեմ...
Հայտնի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել էր ներքին առաջնությանը մասնակցող ակումբների կազմերում արգելել օտարերկրացի դարպասապահների ներկայությունը: Բացատրությունը մեկն էր. խաղալու հնարավորություն տալով հայ դարպասապահներին՝ փորձել որակյալ կադրեր պատրաստել Ազգային հավաքականների համար: Բայց, ինչպես երկարամյա փորձը ցույց տվեց, արդյունքներն իսպառ բացակայում են: Հարգում եմ մեր ակումբների բոլոր դարպասապահներին, բայց Ազգային ընտրանու մակարդակի դարպասապահ չունենք: Գեւորգ Կասպարովը չի հրավիրվել հավաքական եւ, եթե հրավիրվի, ապա միայն մեկ դարպասապահով դժվար կլինի (Բերեզովսկու մակարդակի հետ չհամեմատել): Առաջարկում եմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային՝ վերանայել որոշումը, հանել արգելքը եւ թույլ տալ, որպեսզի մեր ակումբների կազմերում հանդես գան օտարերկյա դարպասապահներ: Ֆուտբոլիստի վարպետությունը կատարելագործվում է մրցակցության պայմաններում: Հետեւաբար, եթե մեր դարպասապահները տեսնեն, որ նրանց փոխարեն հրավիրվում են օտարերկրացիներ, ապա կանեն հնարավորը՝ իրենց կարգը հաստատելու եւ հավաքականի կազմում տեղ գտնելու համար: Միեւնույն ժամանակ, միգուցե նաեւ ունենանք օտարերկրացի դարպասապահ, ում ժամանակի ընթացքում հնարավոր կլինի Հայաստանի քաղաքացիություն տալ եւ հրավիրել Ազգային ընտրանի: Ռուսաստանից լավ երկիր չլինենք...Լոկոմոտիվի դարպասապահ Գիլյերմեի վառ օրինակը կա:
Ազգային ընտրանու մակարդակի դարպասապահ չունենք
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet