Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև արցախյան հակամարտությանը, ընդգծելով, որ Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումով և հակամարտող կողմերին հորդորում է ակտիվացնել ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Կարասինը ասել է. «Վերջին ամիսներին մենք ականատեսը դարձանք ռազմական հակամարտության ակտիվացմանը, կիրառվեց ծանր հրետանի, խոշոր տրամաչափի գնդացիրներ, հրանոթային ռեակտիվ կայանքներ, ինչը հանգեցրեց զոհերի աճի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Այսպիսի իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեզ: Հակամարտող կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար: Միջազգային միջնորդների այս ամուր դիրքորոշումը հստակ արտահայտված է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հայտարարության մեջ՝ արված 2015-ի դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նստաշրջանում: Կողմերը պետք է նաև պահպանեն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը»:
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ դեկտեմբերի 19-ին Բեռնում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած «ադրբեջանա-հայկական գագաթաժողովը» կայունացնող ազդեցություն կունենա «հայ-ադրբեջանական սահմանում և շփման գծում տիրող իրավիճակի վրա»:
Կարասինը հիշեցրել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է և ակտիվ ջանքեր է գործադրում՝ օգնելու հակամարտ կողմերին հասնելու փոխզիջումների:
«Վերջին շրջանում խորհրդակցությունների շարք է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ու Հայաստանի գործընկերների միջև, որի ընթացքում դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամբողջ համալիր հարցերը: Հուսով եմ, որ նոր տարին սկսվելուց հետո, շուտով այդ աշխատանքը կշարունակվի: Բնականաբար, առանց ուշադրության չի մնա և ռազմական իրավիճակը»,- ասել է Կարասինը: