Հայտնի դերասան Հայկ Մարությանը, ֆեյսբուքյան էջում, անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալություններին:
«Ճիշտն ասած շատ էին խոսակցություններն այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելու են: Բայց ես մինչեւ վերջին պահը դրան չէի հավատում: Շատ ցավում եմ, որ մեր երկրում կարող են մարդկանց զրկել ազատությունից առանց որևէ բացատրության կամ փաստարկի` ինչը թույլ է տալիս բանական մարդուն ենթադրել, որ դա արվում է այդ մարդկանց քաղաքական հայացքների պատճառով: Համենայն դեպս կուզեի հիշեցնել, որ այսօր ոչ ստալինյան ժամանակներն են, ոչ էլ 2008 թվականն է: Ժողովրդի գիտակցությունը շատ բարձր է, իսկ ինֆորմացիայի տարածման միջոցները բավականին զարգացել են: Ուստի ուզում եմ նշել, որ մենք բոլորս ուշադիր հետևում ենք այս պրոցեսներին և իրադարձությունների զարգացմանը:
Հ.Գ. Առավել ևս, որ Ժիրայր Սեֆիլյանը մեր ազգի նշանավոր մարդկանցից է, ով Հայրենիքի համար անգին ծառայություն է մատուցել»,-գրել է դերասանը ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք որ Հիմնադիր խորհրդարանի 6 անդամները ձերբակալվել են՝ ապրիլի 24-ի հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու պատճառաբանությամբ: