Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ. «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց Ցեղասպանության ժամանակ կորցրած կյանքերը և վերհիշում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը: 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին ու սպանվեցին. ողբերգություն, որը ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա: Երբ մենք միանում ենք աշխարհի տարբեր երկրներին հիշելու այս ցավալի պատմությունը, մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմակայել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և կանխելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի: Եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահովությամբ և հարգանքով»,- ասված է ուղերձում, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը: |
«Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet