▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարիների ընթացքում Շարմազանովը շատ է «աճել». «Իրատես դե ֆակտո»

«Իրատես դե ֆակտո»-ն գրում է. Եթե այնպես ստացվի, որ ՀՀԿ սինոդը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որոշի, որ Շարմազանովն է դառնում ԱԺ նախագահ, ապա պետք է արձանագրել, որ, բացի քաղաքական կոնյունկտուրայից, ինչ-որ առումով լուծվում է նաև սերնդափոխության հարցը, և ընդհանուր թիմային տյունինգը, որ սկիզբ էր առել ՀՀԿ համամասնական ցուցակով, իր միասնական շարունակությունն է գտնում խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում: Ճիշտ է, փոքր-ինչ դժվար է քառասունն անց ՀՀԿ այդ սերունդը երիտասարդ համարել, այնուհանդերձ, թարմացման միտումն ինքնին ակնառու է լինելու, եթե կարողանան ճիշտ «դասավորել» նաև ԱԺ փոխնախագահների ինստիտուտը` դարձնելով ԱԺ-ն առավել մոբիլ:

Բոլոր դեպքերում, Շարմազանովն ունի խորհրդարանական աշխատանքի բավականին մեծ փորձ. «աճել» է այս տարիների ընթացքում նաև խորհրդարանական դիվանագիտության «գետնին» վրա, տիրապետում է ԱԺ դահլիճին, ինչը պակաս կարևոր հանգամանք չէ, կոլորիտային է, անմիջական, մարդկային հարաբերություններում` հեշտ:

Աշխատել և ճանապարհ է դրել ԱԺ չորս նախագահների. տնտեսական բիզնես-հետաքրքրություններ չունի, ինչն էլ նրա դեպքում առավելություն կարող է համարվել` սրսուռ քաղաքական գործիչ-ԱԺ նախագահ դառնալու մասով:

Նրա հիմնական առավելությունը «միաբևեռ» խաղացող լինելն է, ինչն անչափ կարևոր է նույն` 2018-ի անցումային շրջանի համար, երբ «վիճարկվելու» է` ով է ի վերջո դառնալու հայոց մեջ վարչապետը, ինչ թիմային բալանս է ձևավորվելու այդ օրերին: Չմոռանանք, Շարմազանովը շատ հաճախ խաղի մեջ է մտել, երբ անհրաժեշտ է եղել ՀՀԿ-ական «վտակ-գետակներին» ինչ-որ բան հասկացնել, ինչն էլ կատարել է «պատվով»` դառնալով գետակների «աչքի փուշը», այնուհանդերձ, այն հանգամանքը, որ նրան երկու անգամ անընդմեջ վստահվում է մեգա-մայրաքաղաքի ՀՀԿ-ական թեկնածուի շտաբի պետի պաշտոնը, կարելի է ասել, որ «հարմարավետ» Շարմազանովը «փափուկ բարձիկներով խաղերի» արվեստին նույնպես տիրապետում է, և երբեմն, որպես բուֆեր, իր միջով կարող է անցկացնել այն ամենը, ինչն ուղղված է յուր «վոտչինա» ՀՀԿ-ին:

Որոնք են Շարմազանովի թույլ կողմերը. նրան միանշանակ չեն ընկալում շատերը: Զգայական է բավականաչափ: Ինչը, մի կողմից, կարող է և հմայք հաղորդել նրան, մյուս կողմից` «հարված պահելու» խնդիր առաջացնել:

Եթե այնպես ստացվի, որ նա լինի խորհրդարանական հանրապետության առաջին ԱԺ խոսնակը, ապա պետք է լուրջ տրանսֆորմացիոն գործընթացով իրենից նոր «Շարմազանով» կերտի, առաջնահերթությունների այլ սանդղակ մշակի, որպես իր կերպարի «նոու-հաու»: Ի դեպ, շատերն այն կարծիքին են, որ Շարմազանովի ամենամեծ թերությունը նրա ազգանվան «ով» հանգամանքն է, ինչպես նաև` արմատներով հույն լինելու պարագան:

Աբսուրդ:

Նախ` որպես «կարկառուն» ՀՀԿ-ական, որը դուրս է թռել Անդրանիկ Մարգարյանի շինելից, Շարմազանովը, որպես տեսակ-էթնոս, բացարձակապես ներձուլված է թե՛ ՀՀԿ, թե՛ հայոց, թե՛ Նժդեհ տեսակին և սիրում է կրկնել` «կիսով չափ հայ, կիսով չափ հույն եմ», և այսպես ասած` «ազգամիջյան» այս դիսկուսը ուղղակի ժամանակավրեպ է և, մեր կարծիքով, այն կարելի է ավելի շատ առավելություն համարել, քան «այիբ»:

Այնուհանդերձ, կարծում ենք նաև, որ ազգային-պահպանողական ՀՀԿ-ում կգտնվեն «գետակներ», որ կփորձեն խաղարկել նաև այս հանգամանքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին