Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի գնահատմամբ՝ սպառողների համար առավել վտանգավոր են այսպես կոչված լցնովի պաղպաղակները: Դրանց մեջ օգտակար բաղադրիչներ չկան. հիմնականում ջուր է, ասպարտամ կամ շաքարափոշի: Դրանք վաճառողները պետք է հավաստագիր ունենան: Ինքը որպես քաղաքացի Աբովյան փողոցի սրճարաններից մեկում, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում վաճառվող պաղպաղակի վաճառակետում հավաստագիր է պահանջել, սակայն այն իրեն չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է պաղպաղակից թունավորման դեպքերին, ապա դրանք գրեթե չեն հանդիպում, որովհետև պաղպաղակը պահպանվում է գերսառեցնող ջերմաստիճանային պայմաններում, երբ բոլոր մանրէները ոչնչանում են: Ռ.Հայթյանը սպառողներին կոչ է արել աչալուրջ ու պահանջանտեր լինել. նա և ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նաև խոսել են համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութի մասին, որի հեղինակը ցուցադրել էր պաղպաղակ ու նշել, որ այն մի քանի օր մնացել է ոչ սառնարանային վիճակում ու «էս շոգ-կրակին քարացել է»: