▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս գաղափարն անքննելի է. Էդուարդ Շարմազանով

Կառավարության երեկվա նիստին հավանության արժանացավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին. նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն:

Անդրադառնալով այս թեմային՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց. «Իմ կարծիքը այս նախագծի  վերաբերյալ, միանշանակ, դրական է:  Դա շատ բարոյական գործընթաց է: Կարծում եմ՝  այս գաղափարի վերաբերյալ երկրորդ կարծիք լինել չի կարող: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մասնակցությունը ցուցաբերի այդ սուրբ գերծին: Նոր հեծանիվ հայտնագործել պետք չէ. այդ երևույթը գոյություն ունի ողջ աշխարհում: Դա կոչվում է ազգային տուրք  կամ բանակի տուրք: Ավելին՝ կարծում եմ՝ ապագայում  այս գաղափարը կարող է  դառնալ համակայկական, այս գաղափարին կարող է միանալ նաև սփյուռքը:  Բայց այն, որ ՀՀ յուրաքանչյուր  քաղաքացի  պետք է գոնե մինիմում հազար դրամով աջակցի բանակի հզորացմանը ու սոցիալապես անապահով զինվորներին ու նրանց ընտանիքներին,  կարծում եմ, քննարկման ենթակա չէ: Այս գաղափարն անքննելի է. դա քրիստոնեական ու բարոյական գաղափար է»:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝   արդեն իսկ լսել է այնպիսի տեսակետներ, թե՝ այդ գումարը պիտի իշխանության ներկայացուցիչները վճարեն կամ այլք, բայց, ըստ ԱԺ փոխխոսնակի՝ ամեն մեկն իր տեղն ունի ու որևէ մեկը չպիտի դատավորի դեր ստանձնի այս հարցում:

«Յուրաքանչյուրս պետք է աջակցենք բանակին՝ ամեն մեկս մեր չափով: Պետությունը բոլորս ենք: Դա աշխարհում ընդունված բան է. բանակի հարկ կամ ազգային տուրք… ինչպես ուզում եք, անվանե՛ք դա, բայց պետք է հիշել՝ բանակը պահպանում է բոլորիս անվտանգությունը: Ընդունում եմ՝  կա  մտահոգություն, որ կարող է այդ գործընթացը հրապարակային չընթանա: Խնդիր չկա. եկե՛ք դրա մասին խոսենք, եկե՛ք նայենք, քննարկենք, հասկանանք՝  ինչ պետք է անել, որ այդ ֆոնդը հնարավորինս բաց լինի, թափանցիկ, հրապարակային և  ավելի շատ հաշվետվություններ լինեն:   Եվ այդ հանձնարարականը  նախագահը  տվել է Վիգեն Սարգսյանին: Ի վերջո, դժվար չէ ճշտել՝ տվյալ ընտանիքը ստացե՞լ է այդ գումարը, թե՞ ոչ: Ոմանք  փորձում են այդ  գաղափարը քննարկման դնել՝ այդ թվում որոշ պատգամավորներ, բայց սա  ազգային ու քրիստոնեական գաղափար է:

Քննարկվում է նաև այն հարցը, թե նա, ով շատ աշխատավարձ է ստանում և նա, ով քիչ է վաստակում, երկուսն էլ պետք է հազար դրա՞մ  տան: Բայց եկեք հասկանանք ՝ խոսքը մինիմումի մասին  է:  Խնդիր չկա, այդ հարցը ևս կարելի է քննարկել: Եթե իմ աշխատավարձն  ավելի  բարձր է  թոշակ ստացող տատիկ-պապիկի թոշակից կամ մանկավարժի աշխատավարձից,  բնական է, ես պիտի ավելի շատ վճարեմ, քան այն հարար դրամ տվողը:  Քնարկումները կշարունակենք ու ավելի արդյունավետ ձև կմշակենք: Հիշե՛նք Նապոլեոնի խոսքերը. «Ով չի ուզում պահել ու կերակրել իր բանակին ու ԶՈՒ-ին, նա ստիպված կլինի հոգ տանել ուրիշի  բանակին»: Պետությունը, բանակը բոլորինս է:Պետք է Իսրայելից օրինակ վերցնենք: Այդ երկիրը գնացել է այս ճանապարհով:  Ես կարծում եմ՝ հանրության ճնշող մեծամասնությունն այս գաղափարին կողմ է, քանի որ մեր ժողովուրդը բարոյական է, հայրենասեր և իր պետական արժեքներին ու բանակին հավատարիմ»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին