Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված հարցում նշեց. «Երբ դուք նշանակվեցիք, ՀՀԿ-ականներն այնպես էին ասում՝ մեր վարչապետը լավ մենեջեր է, լավ մենեջեր է, ոնց որ «Երեւան սիթի»-ի տնօրեն են նշանակել»:
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանն, ի թիվս, այլ հարցերի՝ Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էր, թե ինչպես է վարչապետը Վերաբերում Սերժ Սարգսյանին:
Կարեն Կարապետյանի արձագանքը հետևյալն էր. «Ինչպե՞ս եմ վերաբերում Սերժ Սարգսյանին՝ շատ հարգալից: ...Սերժ Սարգսյանի ծրագրերը շարունակակա՞ն են, այո. նա է ինձ նշանակել, հրավիրել՝ որպես վարչապետ»:
Նիկոլ Փաշինյանը սրանից հետո արձագանքել է՝ ասելով. «Եթե ասում եք՝ շատ հարգալից եք վերաբերում Սերժ Սարգսյանին, դա նշանակո՞ւմ է իշխանության մեջ կան մարդիկ, որոնց ոչ հարգալի՞ց եք վերաբերում…»:
Հենց այդ պահին Կարեն Կարապետյանը փորձել է ընդհատել Նիկոլ Փաշինյանին, սակայն պատգամավորը թույլ չի տվել՝ խիստ ասելով. «Հիմա դուք պետք է լուռ լսեք իմ հարցը, ձեր պատասխանելու հերթը կգա...» ու կրկին հարցրել է. «Դուք Սերժ Սարգսյանին միջին վիճակագրական իշխանավորի՞ եք վերաբերում, թե ավելի բարձր մի քիչ»:
«Թե ոնց եմ վերաբերում Սերժ Սարգսյանին, պատասխանել եմ»,- արձագանքել է Կարեն Կարապետյանը: