ASEKOSE.am-ի խմբագրությունն այսօր նամակ է ստացել, որը ստորագրված է Նյուրենբերգի և Մադրիդի հայերի անունից: Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Նյուրենբերգում և Մադրիդում բնակվող հայաստանցիներս անչափ բարկացած ենք ոմն Խաչիկ Կիրակոսյանի պատճառով: Քննարկումների արդյունքում որոշեցինք մեր վերաբերմունքն արտահայտել հայաստանյան հետընտրական զարգացումների ու հատկապես վերոնշյալ անձնավորության պահվածքի վերաբերյալ:
Իրեն բանաստեղծ հռչակած` խուլիգանի պահվածքով այդ անձնավորության ցանկացած միտք կարելի է քննադատել, սակայն նա արժանի չէ, որ իր մասին երկար-բարակ խոսենք: Կանգ կառնենք նրա մի քանի արտահայտությունների վրա միայն:
Խաչիկ, դու բանաստեղծ չես: Բանաստեղծ չես, որովհետև ինքդ քո մասին շատ մեծ կարծիքի ես ու ամեն երկրորդ նախադասությանդ մեջ հիշեցնում ես, որ դու բանաստեղծ ես: Բանաստեղծ չես, որովհետև քեզ ՀՀ ոչ բանաստեղծ քաղաքացիներից վեր ես դասում:
Այն, որ դու բանաստեղծ չես կարելի էր կռահել փորիդ չափսերից, հագուկապիցդ, քո պահվածքից ու բառապաշարից: Արդեն տեղեկացանք, որ Հայաստանի Գրողների Միության անդամ չեք և որ Գրողների Կենտրոնական Տան մուտքին փակցված է հետևյալ գրությունը. «Խաչիկ Միսակի Կիրակոսյանին արգելված է երբեւէ այցելել գրողների տուն` ոչ արժանապատիվ պահվածքի եւ ակումբի անդամությունը հեղինակազրկելու պատճառով»: Դա արդեն լավ է, բայց մի բան էլ իմացիր` եթե նույնիսկ դու համաշխարհային արժեք ունեցող որևէ ստեղծագործություն գրես երբևէ (ինչը դատելով վերոնշյալ պատճառներից գրեթե անհնար ենք համարում), ապա քո ստեղծագործությունը ոչինչ չարժե այն մի քանի րոպեների համեմատությամբ, որոնք դուք «պարգևեցիք» մեզ Ազատության հրապարակում:
Մենք պահանջում ենք, որպեսզի պատասխանեք մեր հետևյալ հարցին: Ինչո՞ւ են Ազատության հրապարակում հավաքված մեր ազգակիցները Գիքորներ, և այն էլ առանց Համբոյի: Պատասխանեք նաև, թե ինչ է նշանակում «Բերանդ Լենինականցու պես բացել ես» արտահայտությունը: Գուցե բերանը բացելու հատուկ ձև կա՞, որի մասին միայն դուք գիտեք: Մեզ էլ տեղեկացրեք այդ մասին, եթե հոգ չէ: Ի դեպ` գյումրեցիները շատ արժանապատիվ հայեր են, ինչն ապացուցեցին փետրվարի 18-ին: Այնպես, որ զգույշ եղեք ձեր բերանը ոչ Լենինականցու պես բացելիս:
Մենք` նյուրենբերգցի ու մադրիդցի հայերս, անհանգստացած ենք նաև Հայաստանի հետընտրական զարգացումներով: Հավատացնում ենք, որ անմասն չենք մնալու և որ այս անգամ թույլ չենք տալու ոտնահարել մեր իրավունքները: Ի դեպ` երեկ Նյուրենբերգի հայերից մեկը խնդրեց, որ մեր այս ընդհանուր նամակում անպայման նշենք իր հետևյալ խոսքը. «Այնպես չանեք, որ սփյուռքի «Գիքորները» ոտքի ելնեն»: