«Որևէ մեկը մեզ չի ասում, որ գազ միայն Ռուսաստանից պետք է գնենք: Եթե ՀՀ-ին հիմա 160 դոլարից ավելի էժան գազ առաջարկեն՝ իրենցից կգնեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իրանական գազի մասին՝ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով՝ Իրանը որևէ անգամ պաշտոնապես չի խոսել այդ արժեքով ՀՀ-ն գազ մատակարարելու մասին. «Իրենք միշտ հայտարարում են, որ պատրաստ են գազ մատակարարել ՀՀ-ին, այդքան բան: Մի բանի մասին որ խոսում եք՝ ամբողջական պատկերացում ունեցեք: Ա~յ քեզի պատմություն»,-վրդովվեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Վարդան Բոստանջյանի կարծիքով էլ՝ Հայաստանը Իրանի համար ոչ կոմունիկացիոն, ոչ շուկայական առումով հետաքրքրություն չի ներկայացնում.
«ՀՀ-ն կարող է Իրանի համար դառնալ ֆինանսական հոսքերը, ապրանքների տեղաշարժերը ղեկավարող պետություն: Դուք չկասկածեք, որ Իրանը մեծապես կարող է օգտվել այդ ծառայությունից միայն այն պարագայում, երբ մեր իշխանությունը համապատասխան կեցվածք ընդունի: Եթե դուք ասում եք՝ այս կողմ գնանք, կամ այն կողմ, սրան սիրենք, թե նրան, Իրանի նման երկիրը մեր մշուշոտ կեցվածքին չի կարող ունենալ վերաբերմունք: Ի՞նչ ա, պետք է գային ընկնեին ոտքե՞րդ, ո՞վ ես դու»,-նշեց տնտեսագետը:
Անի Կարապետյան