«Ախմախություն է առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները»: Նման որակում է տվել Սերժ Սարգսյանը՝ հունվարի 20-ին Դիլիջանում ՝ զորացրված զինծառայողների հետ հանդիպմանը:
Ըստ նրա՝ մեզ համար ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի մենք ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա: «Իսկ թե ով է պատրաստվում հող տալ, որ հողի մասին է խոսքը, ինչի դիմաց, դրանք երկրորդական խոսակցություններ են: Մի հավատացեք նման խոսակցությունների»,-ասել է Սարգսյանն ու, դիմելով հարց տվող երիտասարդին, ասել է. «Հետո ես ո՞նց պետք է քո աչքերին նայեմ: Չե՞ս ասելու՝ «ես գնացել եմ, այդ հողը պաշտպանել եմ, իմ ընկերները զոհվել են, իսկ դուք հենց այնպես, ուղղակի վերցնում, ետ եք տալիս»: