«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» և HSBC բանկի կողմից հովանավորվող «Ավելին քան փողը» (HSBC JA More than Money) ծրագրերի շրջանակներում օգոստոսի 22-24-ը Ծաղկաձորում կազմակերպվեց ուսուցիչների վերապատրաստման դասընթաց:
Դասընթացի գլխավոր հյուր-դասախոսը HSBC Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Թիեզ Քլեմենցն էր:
Դասախոսության ընթացքում պարոն Քլեմենցը ուսուցիչներին ծանոթացրեց բանկի կողմից որդեգրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությանը, իրականացված ԿՍՊ ծրագրերի՝ միաժամանակ անդրադառնալով ժամանակակաից գործարար ոլորտի և կորպորատիվ պատասխանատվության միջև կապի ապահովման անհրաժեշտությանը:
Վերոհիշյալ երկու կրթական ծրագրերի նպատակն է դպրոցական սերնդին ապահովել կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներով, նպաստել նրանց ձեռնարկատիրական հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ծանոթացնել Հայաստանում արդեն ձևավորված նոր գործարար մշակույթի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական սկզբունքներին և ռազմավարությանը:
Ծրագրերը հատկապես հատուկ ուշադրություն են դարձնում գործարարության պրակտիկ ուսուցմանը՝ աշակերտների ջանքերով «մինի ընկերություններ» հիմնելու և դրանց գործարկելու միջոցով: Այդ աշակերտական գործարար ընկերությունների նպատակը փոքր մասշտաբով իսկական տնտեսական գործունեություն ծավալելն է և իրական բիզնես ընկերության գործունեության ընդօրինակելը: Իսկ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրականացում՝ աշակերտներն իրենց վաստակած գործարար շահույթի մի մասը հատկացնում են հանրային ծրագրերի նախաձեռնմանը, որոնց իրականացմանը աշակերտները ձեռնամուխ են լինում գործարար ընկերությունները հասարակական կազմակերպությունների վերափոխելու միջոցով: Ծրագրերի շնորհիվ աշակերտները վարժվում են թիմային աշխատանքներին, դառնում ավելի ինքնավստահ և ունակ հոգ տանելու իրենց համայնքների բարեկեցության մասին: