▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի վաղ սիրահարվածություններ ունեցել եմ, բայց Ավետիքի հետ ես իսկական սեր եմ զգում. Անուշկա Մարգարյան

Life.panorama.am–ը գրում է, որ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Անուշկա պատմել է, որ հեռուստասերիալի ավարտից հետո դեռ հանգստի փուլում է.

«Դեռ հանգստանում եմ և փորձում եմ դուրս գալ Լիլիի կերպարից, իսկ երկու տարի անընդհատ ապրել կերպարի մեջ ու անմիջապես դուրս գալ դրանից՝ դժվար է: Կարծում եմ, որ եթե միանգամից անցնում ես մեկ այլ աշխատանքի, այսինքն՝ անմիջապես սկսես մեկ այլ կերպարի մեջ աշխատել, հնարավոր է, որ նախկին կերպարից որոշ տարրեր բերես, ինչը սխալ է ու ոչ պրոֆեսիոնալ: Ինձ մոտ այդ փոփոխության փուլն է, ու հիմա արդեն, եթե լինի ինձ հարմար առաջարկ, ապա չեմ հրաժարվի նորովի ներկայանալ հեռուստադիտողին»,- նշել է մասնագիտությամբ լրագրող Անուշկան ու հավելել, որ, չունենալով դերասանական կրթություն, դերասանի մասնագիտությունը շատ է կարևորում իր համար.

«Տարիներ առաջ հայրս, ելնելով անձնական և մենթալիտետային սկզբունքներից, թույլ չտվեց, որպեսզի դերասանի կրթություն ձեռք բերեմ, բայց, տարիների ընթացքում տեսնելով իմ ձգտումներն ու սերը այս մասնագիտության նկատմամբ, հասկացավ, որ ինձ շատ բաներից կզրկի, եթե թույլ չտա զբաղվել այս աշխատանքով: Ես շատ եմ սիրում աշխատել ու մեծ հաճույքով եմ այն իրականացնում, դրա համար էլ այս մասնագիտության հետ կապված բոլոր խնդիրները, երկարատև նկարահանումներից առաջացած հոգնությունը հեշտությամբ եմ գլուխ բերում, քանի որ այն հոգևոր հաճույքը, որը ստանում ես աշխատանքիցդ, բոլոր բացերը լրացնում է»,- շեշտել է դերասանուհին:

Խոսելով լրագրողի մասնագիտությունից, Անուշկա Մարգարյանը ապագայում ոչինչ չբացառելով, նկատել է, որ այս պահին չի ցանկանում զբաղվել այդ աշխատանքով՝ ելնելով իր մարդկային տեսակից.

«Կարծում եմ՝ Հայաստանում լրագրողը դեռ այն իրավունքը չունի, որպեսզի լրիվ ազատ գործի, իսկ ես անազատ չեմ կարող լինել, հատկապես, որ այդ մասնագիտությունը հենց ազատություն է ենթադրում»,- շեշտել է նա:

Իսկ ահա զրույցի վերջում խոսելով իր և սիրելիի՝ շախմատիստ Ավետիք Գրիգորյանի, հարաբերություններից՝ Անուշկա Մարգարյանը պատմել է.

«Ես միշտ էլ բարձրաձայնել և գաղտնի չեմ պահել իմ և Ավետիքի հարաբերությունները, քանի որ կարծում եմ՝ վատ բաներն են գաղտնի պահում, չեմ կարծում, որ սերը վատ բան է և պետք է այն գաղտնի պահել: Մեզ մոտ ամեն բան նորմալ ընթանում է իր հունով»:

Իսկ այն հարցին, թե արդյոք հնարավոր է Անուշկա Մարգարյանին շուտով տեսնենք հարսի ճերմակ զգեստով, վերջինս պատասխանել է.

 «Դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել, իհարկե, չեմ բացառում, բայց կոնկրետ պլաններ դեռ չկան: Լինելով կայուն մարդ՝ միաժամանակ ես տեսակով անականկալ մարդ եմ, ինձ մոտ ամեն բան կարող է շատ կտրուկ և անսպասելի կատարվել, դրա համար ես չեմ բացառում, որ հաջորդ վայրկյանին ես կարող եմ լրիվ ուրիշ որոշում կայացնել, ընդ որում դա կապված է թե անձնական, թե գործնական կյանքի հետ»:

Դերասանուհին զրույցը եզրափակելով խոսելով իր կատարված երազանքի մասին՝ նկատել է. «Իհարկե, ավելի վաղ սիրահարվածություններ ունեցել եմ, բայց հիմա Ավետիքի հետ ես իսկական սեր եմ զգում, իմ աղջկական երազանքը կատարվել է»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին